Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն այսօր առավոտյան սեփական տանը ձերբակալել են հայտնի իրավապաշտպան, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեյլա Յունուսի ամուսինը' Արիֆ Յունուսը haqqin.az-ի թղթակցին հեռախոսով հայտնել է, որ «Լեյլան դուրս է եկել տնից եւ պատրաստվել գնալ իր տնօրինած ինստիտուտ' գիտաժողովի: Նրան ետեւից եկած ավտոմեքենայի վրա հարձակում է տեղի ունեցել: Մեքենան կանգնեցրել են, քաղաքացիական հագուստով երեք անձինք տարել են Լեյլային: Իմ տան դռան առաջ կանգնած են քաղաքացիական հագուստով մարդիկ: Նրանք ցանկանում են ձերբակալել նաեւ ինձ, բայց ես չեմ բացում դուռը: Դատելով ամեն ինչից' նրա նք Գլխավոր դատախազության աշխատակիցներ են: Փորձում եմ զանգել փաստաբանիս», -ասել է ԱրիՖ Յունուսը:
Մի քանի րոպե առաջ Facebook-ի իր էջում իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալության մասին հայտնել է նաեւ ադրբեջանցի մեկ այլ իրավապաշտպան' Միրվարի Գահրամանլըն: «Ուշադրություն: Լեյլա Յունուսը ձերբակալվել է: Ներկայում ջարդում են նրա դուռը, որպեսզի ձերբակալեն նաեւ նրա ամուսնուն' Արիֆ Յունուսին», -հայտնել է իրավապաշտպանը:
Լեյլա եւ Արիֆ Յունուսները որպես վկա անցնում են հայկական կողմի օգտին լրտեսության շինծու մեղադրանքով ձերբակալված Ռաուֆ Միրկադիրովի գործով: Լեյլա եւ Արիֆ Յունուս զույգը չորս անգամ մերժել է դատախազություն ներկայանալու հրավերը: