Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները դեկտեմբերի 19-ին ձերբակալել են հայտնի իսլամիստ եւ հասարակական գործիչ Էլշան Մուստաֆաեւին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է islamazeri.az լրատվական կայքը:

 

Էլշան Մուստաֆաեւը պահվում է ԱԱՆ քրեակատարողական հաստատության մեկուսարանում: Կայքը հայտնում է, որ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել է 4 ամիս ժամկետով կալանքը: Դեռեւս հայտնի չէ, թե ինչում է մեղադրվում իսլամիստը: Սակայն, ոչ պաշտոնական տեղեկություններով' Էլշան Մուստաֆաեւը մեղադրվում է հայրենիքի դավաճանության մեջ:

 

Էլշան Մուստաֆաեւը Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից է: Նա Ադրբեջանի հանրային եւ ANS հեռուստաալիքներով հաղորդումներ է վարել: 5 գիտական գրքերի եւ 30-ից ավելի հոդվածների հեղինակ է:

 

Հասարակական գործիչ իսլամիստը երկու տարի բնակվել է Նորվեգիայում, որտեղ զբաղվել է գիտական նախագծերով: Այս տարվա սկզբին վերադառնալով Բաքու, սկսել է համագործակցել Կովկասի մահմեդականների վարչության հետ:

 

Չի բացառվում, որ Էլշան Մուստաֆաեւին մեղադրանք ներկայացվի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդը լինելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջով հետապնդումներ են սկսվել է նաեւ Ադրբեջանում նրա կողմնակիցների նկատմամբ: