Ադրբեջանի Գյոյչայի շրջանում այսօր առավոտյան ձերբակալվել է հայտնի իրավապաշտպան և նախկին «խղճի բանտարկյալ» Թալեհ Խասմամեդովը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը' հղում կատարելով իրավապաշտպանի մորը' Գյուլբյուլի Խասմամեդովային:

 

Նրա խոսքով' ինքը Թալեհի հետ միասին գնացել է քաղաքային շուկայի մոտ գտնվող կահույքի խանութ: Ներս մտնելուն պես իրենց մոտեցել է մի անծանոթ մարդ և թքել Թալեհի դեմքին:

 

«Երբ որդիս հարցրեց, թե ինչու է այդպես վարվում, անծանոթն ընկավ գետնին և ձևացրեց, թե ուշագնաց է եղել: Դեպքի վայրում անմիջապես հայտնվեցին ոստիկաններ, որոնք ձերբակալեցին որդուս: Նրանք ձերբակալեցին նաև մի ականատեսի, ով ասաց, թե Թալեհը մեղավոր չէ»,- հայտնել է նրա մայրը:

 

Թ. Խասմամեդովը Գյոյչայում տեղի ունեցող անօրինականությունների մասին հաճախ է քննադատությամբ հանդես գալիս մամուլում: Երեկ նա տեղեկություն էր հաղորդել նաև Գյանջայի քրեակատարողական հաստատությունում դատապարտյալի ինքնասպանության դիմելու մասին:

 

Վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել են մոտ 100 լրագրողներ, իրավապաշտպաններ, բլոգերներ և ակտիվիստներ: