Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից քաղաքական պատկանելություն չունեցող Սիրաջ Քերիմլիին 6 ամիս ժամկետով ազատազրկելու մասին կայացրած վճիռը ցնցել է Ադրբեջանի իրավապաշտպաններին եւ հանրությանը: Նա մարտի 16-ին սխալմամբ ձերբակալվել էր մուսավաթական եղբոր' Ֆարաջ Քերիմլիի փոխարեն, սակայն, դատարանը հարցը հետաքննելու պայման չէր ստեղծել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի Մոնիթորինգային եւ Մարդու իրավունքների գծով միասնական խմբի ներկայացուցիչ Արզու Աբդուլլաեւան այդ առնչությամբ Meydan TV հեռուստաալիքի հետ զրույցում ներկայում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակն անվանել է «շատ վատ, անհույս եւ անբուժելի»:

 

Իրավապաշտպանը գտնում է, որ երկրում ոչ միայն շարքային մարդիկ, այլեւ իշխանության եւ ժողովրդի միջեւ միջնորդի դեր խաղացող քաղաքացիական հասարակությունն էլ է մեռած վիճակում: Նրա խոսքով' Ադրբեջանում իշխանությունն աշխատում է ծնկի բերել քաղաքացիական հասարակությանը:

 

«Այդ գործընթացը ոչ մի օգուտ չի կարող բերել: Իրականում, նորմալ երկրներում քաղաքացիական հասարակության ակտիվիստները միջնորդ են հանդիսանում բազմաթիվ խնդիրների լուծման մեջ», -ասել է նա:

 

Աբդուլլաեւան խոստովանել է, որ Ադրբեջանում իրավապաշտպաններն այնքան անտեսված են, որ իշխանությունները ոչ մի ուշադրություն չեն դարձնում իրենց դիմումներին եւ առաջարկություններին:

 

«Միայն կարող եմ հուսալ: Մեր դերն այժմ կայանում է նրանում, որպեսզի հիշեցնենք առկա իրավիճակի մասին», -ասել է նա: