Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընդմիջման ժամանակ Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը բողոքի ակցիա է իրականացրել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, Յունուսի կողմնակիցները պահել են պաստառներ, որոնցով քննադատել են Ադրբեջանո ւմ առկա ճնշումները քաղաքական հայացքների համար:
Յունուսը դիմել է օտարերկյա ներկայացուցիչներին' նրանց ուշադրությունը հրավիրելով երկրում քաղբանտարկյալների մեծ թվի վրա: «Ինչ եվրաինտեգրման և կայունության մասին եք դուք խոսում, երբ երկրում քաղաքական բռնաճնշումների 130 զոհ կա»,- հայտարարել է իրավապաշտպանը' ընդգծելով, որ նրանցից 40-ը խղճի ազատության զոհեր են, 90-ը' քաղբանտարկյալներ' ներառյալ 11 լրագրող և 4 իրավապաշտպան: Յունուսը տարբեր երկրների ներկայացուցիչների առջև հայտարարել է, որ Ադրբեջանում առկա կաշառակերության, ավտորիտար ռեժիմի պայմաններում երկիրը չունի ապագա:
«Օրական Ադրբեջանում տանջանքներից մահանում է 10 մարդ, և այդ հանցագործության համար ոչ ոք չի պատժվում: Դատական համակարգը կոռումպացված է և գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության տակ»,- ասել է ադրբեջանցի իրավապաշտպանը: Նրա համոզմամբ' հակամարտությունների կարգավորումն անհնար է առանց ժողովրդական դիվանագիտության, որն ադրբեջանական իշխանությունները բռնության միջոցով փորձում են չեզոքացնել: «Ալիևի ռեժիմը ձեր լուռ համաձայնության պայմաններում վերացնում է ժողովրդավարության գաղափարները, ինչը պետությունը կհանգեցնի ողբալի վերջաբանի»,- դիմելով օտարերկրյա ներկայացուցիչներին' հայտարարել է Լեյլա Յունուսը:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարին ներկա է նաև հայկական պատվիրակությունը, որի կազմում են քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը և Թևան Պողոսյանը: