Ադրբեջանցի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Լեյլա Յունուսի առողջական վիճակը խիստ վատացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հայտնել է նրա իրավաբան Էլչին Գամբարովը: Վերջինս նոյեմբերի 24-ին այցելել է այն մեկուսարան, որտեղ պահվում է իրավապաշտպանը և տեղում հասկացել, որ իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին իշխանությունների պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:

 

Գամբարովը տեղեկացրել է, որ իր այցելության ժամանակ Յունուսը հայտնել է, որ զարկերակային ճնշումը 180-100 է, արյան մեջ շաքարի պարունակությունը նորմայից կրկնակի բարձր է եղել: Եթե ձերբակալման օրը իրավապաշտպանը կշռում էր 61 կգ, ապա այժմ նրա քաշը չի գերազանցում 48 կգ-ն: Միաժամանակ ճաղերի հետևում հայտնված Յունուսը հայտնել է, որ որևէ բան ուտել չի կարողանում և մշտապես փսխում է: Նա փաստել է, որ այս պայմաններում մինչև տարվա վերջ ողջ կարող է և չմնալ:

 

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը ձերբակալվել էր 2014 թվականի ամռանը: Պետությունը նրան մեղադրում է տարբեր հանցանքների, այդ թվում և Հայաստանի օգտին լրտեսության և պետական դավաճանության մեջ: Իրավապաշտպանը հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները: Տարբեր միջազգային կազմակերպություններ նրան ճանաչել են որպես քաղբանատրկյալ: