Front Line Defenders միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը բաց նամակ է հղել Ադրբեջանում ձերբակալված հայտնի իրավապաշտպան, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, նամակը ստորագրել է կազմակերպության գործադիր տնօրեն Մերի Լոյլորը: Հեղինակը նամակում ուժ եւ տոկունություն է ցանկացել Լեյլա Յունուսին եւ հույս հայտնել, որ չնայած «բանտի երկաթե դարպասներին ու մարդկային դաժանությամբ բաժանող պատերին», նամակը կհասնի հասցեատիրոջը:

 

«Այսօր Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառում դանակը հասել է ոսկորին, ձեր խիզախությունն ու մարդու իրավունքների պաշտպանության գործին նվիրվածությունը դաս է բոլորիս համար: Եթե դատարանը ձեզ դատապարտի, ապա դա կլինի ոչ թե ձեր, այլ ձեզ ազատությունից եւ արդարությունից զրկած կառավարության դեմ ընդունված վճիռ: Ձեզ բժշկական օգնությունից զրկելով' նրանք ցույց են տալիս մարդկային զգացմունքներից իրենց զուրկ լինելը: Կեղծ մեղադրանքներով ձեր ձերբակալությունը նրանց գլխավորած համակարգի հոգեբանական սնանկության ապացույցն է», -նամակում գրել է Լոյլորը:

 

Նամակում կառույցի ղեկավարը համբերություն է մաղթել Լեյլա Յունուսին եւ նշել, որ «նման դաժանությամբ իրավապաշտպանից ազատվել ցանկացող բռնապետությունը չի կարող երկար գոյատեւել եւ կտապալվի»:

 

«Ձեր ապրելը համակարգի նկատմամբ հաղթանակ է հանդիսանալու, իսկ ձեր ձայնը' չհանձնվելու ուղերձ Ադրբեջանի բոլոր իրավապաշտպաններին», -նամակում գրել է իրավապաշտպանը:

 

Նամակի հեղինակը հիշեցրել է, որ եկող շաբաթ ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանների հռչակագրի տարելիցն է, եւ կոչ արել այդ կառույցին անդամակցած Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Լեյլա Յունուսին:

 

Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը' Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու, պետական դավաճանության եւ ֆինանսական հանցագործությունների մեջ: Սակայն նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն է եւ միջազգային կազմակերպություններին արված' Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը:

 

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է Sergio Vieria de Mello պարգեւի: Front Line Defenders կազմակերպությունը Մարդու իրավունքների պաշտպանների միջազգային հիմնադրամն է: Այն հիմնադրվել է 2001 թվականին Դուբլինում: