ՀՀ արդարադատության նախարարությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ ամփոփել է Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված մրցույթի արդյունքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տասնհինգ օր շարունակ նախարարությունն ստացել է ժողովրդավարությանը նվիրված կարգախոսներ և լուսանկարներ: Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան հիսուն երիտասարդ: Ժյուրին ի վերջո որոշում է կայացրել պարգևատրել բոլոր հաջողված կարգախոսների և լուսանկարների հեղինակներին:
Մրցանակակիրների մեջ կան նաև դպրոցականներ, ովքեր ցանկություն են հայտնել պարգևատրվել անձամբ նախարարի Հովհաննես Մանուկյանի կողմից: Նա, ընդառաջ գնալով պատանիների անմիջական ցանկությանը, սիրով ստանձնել է հավաստագրեր հանձնելու գործը: Նախարարը երիտասարդներին խնդրել է ևս մեկ անգամ սահմանել ժողովրդավարություն հասկացությունը: Նա կիսվել է նաև ժողովրդավարության վերաբերյալ իր տեսակետով:
«Երկար եմ մտածել, թե ինչ է ժողովրդավարությունը: Կարծում եմ, մեկ բառով, այն՝ հանդուրժողականություն է, իսկ հանդուրժողականությունը, ժողովրդավարության համատեքստում, մեկ ուրիշի բնածին իրավունքի ճանաչումն է լինելու տարբեր, քան դու ես»,- ասել է նախարարը:
Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել մրցույթի հաղթողներին մասնակցության և հետաքրքիր կարգախոսներ ու լուսանկարներ ներկայացնելու համար՝ մաղթելով հաջողություն և ակտիվ նեգրավվածություն ժողովրդավարական գործընթացներում:
Հանդիպմանը մասնակից UNICEF-ի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը նվերներ է հանձնել իրենց կազմակերպության կողմից՝ մաղթելով երիտասարդներին չընկրկել խոչընդոտների առջև և միշտ հավատարիմ մնալ ժողովրդավարության արժեքներին: