Կառավարության այսօրվա նիստում Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախագիծ առաջարկեց, որով փոփոխություն է կատարվում պետական բյուջեում:

 

«Ուսումնասիրվել են նախորդ տարիների դպրոցաշինության ծրագրերն ու Վերահսկիչ պալատի եզրակացությունը, վարչապետի հանձնարարություններն են հիմք ընդունվել, որ այսուհետև բոլոր ծրագրերն իրականացնելիս ողջամիտ ժամկետներ սահմանվեն և դպրոցները կառուցեվն մինչև երկու տարի ժամանակահատվածում, ոչ թե վեց-յոթ տարի, ինչպես բազմաթիվ դեպքերում»:

 

Նարեկ Սարգսյանի խոսքով՝ եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է մի շարք օբյեկտների կառուցումը հետաձգել 2016-17թթ. և փոփոխություն կատարել բյուջեի նախագծում:

 

«Միևնույն ժամանակ առաջացած այդ միջոցներն ուղղել կարևոր ու հրատապ լուծումներ պահանջող սոցիալական ենթակառուցվածքների կառուցմանը: Մրցույթների արդյունքում տնտեսված գումարները տրամադրվելու են կառուցված օբյեկտների որոշ աշխատանքների համար»,- նշեց նա:

 

Նիստին ներկա՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց իրենց բացահայտումների արդյունքները դպրոցաշինության ծրագրերի հետ կապված:

 

«Մենք ստուգում ենք իրականացրել այս ծրագրերում: 2006-2013թթ. 74 դպրոցների շինարարության վրա ծախսվել է 22 միլիարդ դրամ գումար, ընդհանրապես ծրագիրը ենթադրում էր, որ 74 դպրոց պետք է վերանորոգվի և պետք է ծախսվի 33 միլիարդ դրամ: 74 դպրոցներից որևէ մեկի շինարարությունն ավարտված չէ: Մեկ օրինակ կարող եմ բերել, որը բնութագրիչ է բոլորի համար: Օրինակ՝ Գավառի թիվ 5 դպրոցին 2006թ-ից մինչև 2013թ-ը նախատեսված 574 մլն դրամից հատկացրել ենք մոտ 270 մլն դրամ, դեռևս 304 էլ պետք է հատկացնենք, որպեսզի այս դպրոցի շինարարությունը ավարտենք: Այսինքն' 6 տարվա ընթացքում մենք նույնիսկ գումարի կեսն էլ չենք տվել և ցավոք, սա բոլոր դպրոցների համար՝ նույն ձեռագիրն է նկատվում: Հիմա, ՎՊ-ն իր ուսումնասիրությունների ժամանակ նկատեց, որ կառավարությունը ժամանակին ծրագիրն իրականացնելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունության խնդիրներին: Արդեն հաստատվել է, որ կան դպրոցներ, որտեղ կատարված աշխատանքները պետք է քանդվեին, քանի որ սեյսմակայնության խնդիրները լուծված չեն»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով. «Այստեղ նաև արդյունավետության խնդիր կա, և ՎՊ-ն իր եզրակացության մեջ գրել է, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների համար ժամկետները հստակեցված չեն, և դպրոցաշինության ծրագիրը նման մեթոդներով շարունակելու դեպքում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը դրվելու է հարցականի տակ: Մենք ունենք դպրոցներում նկարահանված փաստեր, որ նորից անհրաժեշտ են վերանորոգումներ անել»:

 

Իշխան Զաքարյանը նշեց, որ Նարեկ Սարգսյանի կողմից առաջարկվող «այդ մի քանի դպրոցների շինարարության վրա արդեն իսկ 3 մլրդ դրամ է ծախսվել»:

 

ՎՊ նախագահին ի պատասխան՝ Նարեկ Սարգսյանն ասաց. «Փաստերը, որ հնչեցին, իրականությունն է: Մեր այս նախագծով հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ շուրջ 13 օբյեկտ առաջարկվում է բյուջեից հանել: Դրանք այն օբյեկտներն են, որոնց վրա 2006-2013 թթ. գումարներ են ծախսվել, սակայն հիմա տեխնիկական եզրակացության արդյունքում համապատասխան նախագծով իրականացնելու դեպքում նախորդ տարիներին կատարած աշխատանքների մի մասը պետք է քանդենք: Ուստի, մենք այս օբյեկտներն առաջարկել ենք հետաձգել մինչև 2016թ: 74 կրթական օբյեկտների հետ կապված ՎՊ-ի հետ քննարկման անհրաժեշտություն կա»:

 

Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելեց, որ ԵՄ-ի հետ ծրագիր կա, որ նախատեսված է ֆինանսական աջակցության տրամադրում:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքելով նշեց, որ խնդիրն իրոք շատ մեծ է. «Մտահոգվելու առիթ կա, ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է դպրոցում ծրագիր սկսել առանց սեյսմակայունության անվտանգության խնդիրներն ուսումնասիրելու: Փաստորեն, այն գումարները մենք, որ դրել ենք, առ ոչի՞նչ են»,- հարցրեց Աբրահամյանը:

 

«Այո, հենց դրա համար մենք չմտանք այդ թեմայի մեջ»,- արձագանքեց նախարարը: