Քաղաքացիներն այսուհետ աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 15.00-ից 17.00-ն, «Սկայպի» միջոցով կարող են հարցեր ուղղել ճանապարհային ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, տեսախցիկներով կամ լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով առկա անհամաձայնությունների, տուգանքների գումարների բռնագանձման և այլ հարցերի վերաբերյալ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջին շրջանում ոստիկանությունում քաղաքացիներից դիմում-բողոքներ են ստացվում, որոնցում վիճարկվում է տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած վարչարարության իրավաչափությունը:

 

Այդ բողոքները, երբեմն, օրենքով սահմանված կարգի չիմացության, տեխնիկական անճշտության հետևանք են, որոնց արագ արձագանքելու, տեղեկատվություն ստանալու հարցում քաղաքացիներին աջակցելու, ին չպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նախաձեռնել է հերթական «Ուղիղ կապ»-ը «Սկայպի» միջոցով, այս անգամ՝ ճանապարհային ոստիկանության հետ:

 

Ճանապարհային ոստիկանության Skype-ի հասցեն է՝ Armenian Roadpolice:

 

Քաղաքացիները կարող են դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրել նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: