Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում սեպտեմբերի 18-ին հյուրընկալվել է ԱՄՆ Մասաչուսետս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթր Քութուջյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից, պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ Փիթըր Քութուջյանը շրջայց է կատարել Հայաստանի փաստաբանների պալատի շենքում, ծանոթացել պայմաններին:
ԱՄՆ-ից ժամանած հյուրը հանդիպել է հայ փաստաբանների հետ, ներկայացրել այն գործառույթները, որոնք իրականացնում են իրենց աշխատանքի շրջանակներում:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է շերիֆ Քութուջյանի այցը Հայաստան և Փաստաբանների պալատ:
Փիթըր Քութուջյանը նույնպես շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և խոսել այն ճանապարհի մասին, որը նրան հասցրել է այդ պաշտոնին: Ըստ Քութուջյանի' նա աշխատել է որպես հանրային պաշտպան, այնուհետև՝ դատախազ:
Շերիֆը նշել է, որ գնահատում է այն հանգամանքը, որ մարդիկ օգնում են միմյանց: Նրա խոսքով' իր աշխատանքում հաճախ է հանդիպում դատապարտյալների հանդեպ բռնության դեպքերի, որոնց կանխման համար ջանք ու եռանդ չի խնայում: Նրա գործառույթների մեջ է մտնում նաև դատապարտյալներին մասնագիտությամբ ապահովելը կամ նրանց համար հարմար աշխատաք գտն ելը:
Հանդիպման ընթացքում հայ փաստաբանները Փիթըր Քութոջյանի հետ քննարկել են մասնագիտական բազմաթիվ հարցեր՝ հիմնականում խոսվել է հայ-ամերիկյան իրավական դաշտի հարաբերությունների մասին: