Շոտլանդիայում անկախության հանրաքվեն անցել է բարձր ակտիվության պայմաններում, առանձին շրջաններում հանրաքվեին մասնակցությունը հասել է 90 տոկոսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով ձայների հաշվման նախնական տվյալներին:

 

«Շոտլանդիայի խոշորագույն քաղաքում՝ Գլազգոյում, մասնակցությունը կազմել է շուրջ 87 տոկոս, Էդինբուրգում՝ 89,6 տոկոս, Դանդիում՝ տարածաշրջանի մեծությամբ չորրորդ քաղաքում՝ 90 տոկոս»,- նշել է հեռուստաալիքը:

 

Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին կայացել է հանրաքվե, որի ընթացքում տարածաշրջանի բնակիչները որոշում էին մնալ արդյոք Միացյալ Թագավորության կազմում, թե դառնալ անկախ պետություն:

 

YouGov միջազգային հետազոտական կենտրոնը կանխատեսում է, որ շոտլանդական հանրաքվեն կավարտվի անկախության հակառակորդների հաղթանակով:

 

«YouGov-ը կանխատեսում է, որ «Ոչ» արշավը հանրաքվեն շահել է 54 տոկոս ձայներով»,- ասված է հաղորդագրության մեջ, որը զետեղված է կենտրոնի կայքում: Կանխատեսումն արվել է ընտրողների հարցման հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: