Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:
Ուղերձում ասված է.
«Հարգելի Լեոնիդ Խարիտոնի,
Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ:
Հարավ-օսիական եղբայրական ժողովուրդն անցել է դեպի անկախություն տանող դժվարին ուղի՝ զենքը ձեռքին պաշտպանելով իր պատիվն ու ազատությունը: Հարավային Օսիայի փառավոր որդիների ու դստրերի հայրենասիրությունն ու անձնազոհությունն արժանի են ամենաբարձր գնահատանքի:
Այսօր Հարավային Օսիան մտել է իր պատմության մի նոր փուլ՝ խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով զարգացնելով ու ամրապնդելով իր անկախ պետականությունը, բարձրացնելով քաղաքացիների բարեկեցությունը:
Արցախում բարձր են գնահատում Հարավային Օսիայի հետ բարեկամությունը եւ համոզված են, որ մեր կապերը առաջիկայում եւս շարունակաբար կզարգանան:
Մեկ անգամ եւս ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի առթիվ: Խաղաղություն եւ բարօրություն, նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ եղբայրական Հարավային Օսիային»: