Հայաստանում առաջիկա տասնամյակում լավ ուսուցիչները կկարողանան ստանալ բարձր աշխատավարձ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը՝ համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, սկսում են մի մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է Կրթության գերազանցության ազգային ծր ագիր: Նախագծի մասին նախորդ շաբաթ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ուսուցիչների հետ հանդիպմանը նշել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ծրագրի նպատակն է կարևորել ուսուցիչների դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Կրթության գերազանցության ազգային ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում նաև նշեց, որ նախագիծը հավակնոտ է, իրար է կապում կրթական երևույթներ, և կրթական համակարգի համատեքստում է տեսնում երկրի ապագա զարգացումը:
«Այս ծրագրի վրա աշխատել ենք մեկ տարի: Մենք հասկանում ենք, որ առանց մեր երեխաներին լիարժեք ժամանակակից, արդիական, և ամենակարևորը՝ հայկական կրթություն «մատակարարելու» մենք չենք կարող հավակնել ուժեղ Հայաստան կառուցելու գաղափարին: Ծրագրի նպատակն է կարևորևել ուսուցիչների դերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ գործընթացն իրականացվելու է մի քանի փուլով:
«Առաջին փուլում «Այբ» կրթական ծրագիրն անցնելու է միջազգային հավատարմագրման գործընթաց, և ստանալու է միջազգային ծրագրի կարգավիճակ: Երկրորդ փուլում վերապատրաստվելու են մանկավարժները: Երրորդ փուլում այդ մանկավարժները մտնելու են դպրոցներ: Ծրագրում ընդգրկված են լինելու 12 ավագ դպրոցներ: Դպրոցների ցանկը կհաստատի ԿԳՆ-ն»,- հավելեց նախարարը:
Ըստ Արմեն Աշոտյանի՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ վերանորոգվելու և վերազինվելու է 17-20 ավագ դպրոց: «Լավ ուսուցիչները հնարավորություն կստանան ունենալ բարձր՝ 400 հազար դրամին համարժեք աշխատավարձ: Այն ոչ միայն գնահատական է լինելու նրանց աշխատանքին, այլև խրախուսանք, որպեսզի նրանք լինեն մոտիվացված: Մենք ունենք միջոցներ, ժամանակ, հավատ ու ցանկություն այս ամենը մեր երեխաններրին մատուցելու համար»,- համոզված է նախարարը:
Ծրագրի բյուջեն մինչև 2017 թվականը կազմում է 2 միլարդ դրամ: Գումար կհատկացվի պետական միջոցներից:
«Այբ» կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է, որ Հայաստանն ունենա միջազգային չափանիշներին համապատասխան կրթական պլատֆորմ:
«Ուսուցչի ձեռքում է մեր ապագան: Մենք մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան ուսուցիչների սերնդի կարիք ունենք: Մենք կարևորում ենք ուսուցչի դերն այս ծրագրով, խթանում ենք, որ երիտասարդներն ընտրեն այս մասնագիտությունը: Հայկական կրթությունը դարերով մրցունակ է եղել: Ծրագրի նպատակն է, որ մենք նոր շունչ բերենք դեպի կրթություն»,- նշեց նա:
Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով՝ Քեմբրիջի համալսարանը և Լոնդոնի կրթության ինստիտուտն աշխարհի շատ երկրերում ռեֆորմներ են իրականացրել: Երկու կառույցների հետ արդեն պայմանագրային պայմանավորվածություններ կան:
Առաջիկա տասնամյակում Հայաստանը կունենա միջազգային որակավորում ստացած երկու հազար ուսուցիչ, ովքեր պատրաստ կլինեն իրականացնելու Կրթության գերազանցության ազգային ծրագիրը: Այս մասին սեպտեմբերի 13-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ուսուցիչների հետ հանդիպմանը նշել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Ցանկացած երկրի ապագան կերտվում է դպրոցում, և ցանկացած կրթական ծրագիր հաջողվում է այն դեպքում, եթե կան համապատասխան որակավորման կադրեր: Դարեր ի վեր ուսուցիչն ունեցել է ամենաբարձր դիրքը հասարակությունում, և այսօր էլ մենք ունենք խնդիր ամրապ նդելու այդ դիրքը: Մեր ուսուցիչները պետք է պատրաստվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ նպատակով Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական համալիրն սկսում են լայնամասշտաբ կրթական ծրագիր, որն անվանվել է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»: Դրա նպատակն է գրավիչ դարձնել կրթությունը և լավագույն մասնագետների միջոցով ձևավորել ուժեղ կրթական համակարգ, ուր յուրաքանչյուր ուսուցիչ իրեն կզգա որպես առաքելություն կատարող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել էր ՀՀ նախագահը:
Նախագահը վստահեցրել էր, որ կրթության որակի շարունակական բարձրացումը լինելու է պետական կառույցների գերխնդիրը, սակայն կարևորել նաև հասարակության մասնակցությունն այդ գործընթացում:
Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում: