Մեծ Բրիտանիան հարգանքով կվերաբերվի Շոտլանդիայի բնակիչների կարծիքին, ովքեր կողմ են արտահայտվել թագավորության կազմում այդ տարածաշրջանի մնալուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով iterfax.ru-ն, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պաշտոնական հայտարարության մեջ:

 

«Մի քանի ամիսներ տևած խորհրդակցություններից, բանավեճերից ու զգուշավոր խորհումներից հետո մենք արդեն գիտենք հանրաքվեի արդյունքները, և ողջ Բրիտանիան հարգանքով կվերաբերվի այդ արդյունքներին»,- նշվում է տարածված փաստաթղթում:

 

«Մենք պետք է հիշենք, որ, չնայած կարծիքների տարբերությանը, մենք բոլորս ջերմորեն սիրում ենք Շոտլանդիան: Եվ դա այն է, ինչն օգնում է մեզ բոլորիս միավորվել»,-ասել է թագուհին:

 

Համաձայն շրջանի անկախության հարցով հանրաքվեի արդյունքների՝ Շոտլանդիայի բնակիչների 55,3 տոկոսը դեմ է արտահայտվել անկախության գաղափարին: Անկախության օգտին քվեարկել է շոտլանդացիների 44,7 տոկոսը: