Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ուրախությունից «սկսեց մռմռալ», երբ ինքը նրան հայտնեց Շոտլանդիայի հանրաքվեում անկախության հակառակորդների տարած հաղթանակի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Կառավարության ղեկավարի այս խոսքերը, որոնք հնչել են ԱՄՆ նրա այցի ժամանակ, նախատեսված չէին հանրության համար, բայց դրանք պատահաբար ձայնագրել են հեռուստալրագրողները:

 

«Թեթեւացման զգացում ես ապրում, երբ որպես Միացյալ Թագավորության վարչապետ զանգահարում ես Նորին մեծությանը եւ ասում. «Ձերդ մեծություն, ամեն ինչ կարգին է»- ասել է Քեմերոնը:- Չտեսնված բան էր՝ նա սկսեց մռմռալ հեռախոսափողի մեջ»:

 

Քեմերոնը նշել է, որ ինքը խիստ հուզվում էր, երբ հանրային կարծիքի հարցումները շոտլանդական հանրաքվեի նախօրեին նվազագույն տարբերություն էին ցույց տալիս անկախության հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ: Վարչապետը կատակով ասել է, որ ապրումներից իր մոտ ստամոքսի խոց է առաջացել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: