Մոր և մանկան առողջության պահպանման հայկական դաշինքի ամենամյա հանդիպումն Աղվերանում քննարկումների մեկ սեղանի շուրջ էր համախմբել ոլորտը ներկայացնող երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապեր ի բաժնից, առողջապահության այդ ոլորտի հրատապ խնդիրներին և գերակա ուղղություններին նվիրված քննարկումներին այսօր մասնակցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը' նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ:

 

«Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը մեզ համար խիստ կարևոր է: Դժվար է գերագնահատել այն դերը, որն ունեն հասարակական կազմակերպություններն առողջապահական համակարգում հիմնահարցերի վերհանման և լուծումներ գտնելու գործում»,- ողջունելով հանդիպման մասնակիցներին' ասել է նախարարը:

 

Նա շեշտել է, որ նախարարությունն այսօր փորձում է ոչ միայն օրենսդրական հարցեր քննարկել, այլև վերլուծել համակարգը, ինչն անհնար է պատկերացնել առանց հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության, առանց գործընկերային հարաբերությունների:

 

Նախարարը խոսել է մայրական և մանկական մահացության ցուցանիշների, մեր երկրում իմունականխարգելմանն ուղղված միջոցառումների, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատման, ինչպես նաև օրակարգային այլ խնդիրների մասին:

 

Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ մոր և մանկան առողջության պահպանումը գերակա խնդիր է և գտնվում է երկրի ղեկավարի անմիջական ուշադրության ներքո:

 

Հանդիպման ընթացքում դաշինքի անդամները, առողջապահության ոլորտի մասնագետներն ու փորձագետներն իրենց հարցերն են ուղղել նախարարին: Անդրադարձ է կատարվել ինչպես առողջության պահպանման առաջնային օղակին, մարզերում կադրային և նյութատեխնիկական համալրվածության, մասնագետների արտերկրում վերապատրաստման խնդիրներին, այնպես էլ' բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը:

 

Առանձնակի կարևորվել է հանրության շրջանում բժշկի դերի, հեղինակության բարձրացման հարցը:

 

2011 թվականին ստեղծված կազմակերպության արդեն չորրորդ ամենամյա հանդիպման շրջանակում քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման այժմյան մարտահրավերները և դրանց հաղթահարման առկա հնարավորությունները, առողջապահության ոլորտի ընդհանուր զարգացման միտումները և հեռանկարային ուղղությունները։ Կարևորվել են նաև Հայաստանում առողջապահության ֆինանսավորմանն առնչվող հարցերը, ինչպես նաև 2014 և 2015 թթ. համար պլանավորված գործողությունների ծրագրերը, դաշինքի հետ համագործակցության շրջանակները:

 

Մասնագետների գնահատմամբ' Դաշինքի ամենամյա հանդիպումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն են տալիս բաց երկխոսություն ծավալել առողջապահական համակարգում առկա խնդիրների մասին:

 

Նշվել է, որ առողջապահության ոլորտի բարեփոխումներին նվիրված կառուցողական քննարկումները և երկխոսությունները երկուստեք շահավետ են։

 

Հանդիպման մասնակիցները տեղեկատվություն են ստացել առողջապահության ոլորտում վերջին շրջանում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

 

«Վոլդ Վիժն Հայաստան» երեխայի առողջության քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանը Դաշինքի անդամների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարին մասնակցության և անմիջական քննարկման համար։ Նա նշել է, որ նման ձևաչափի պարբերական հանդիպումների շնորհիվ է հնարավոր վերհանել ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու համատեղ ջանքերով գտնել դրանց լուծման ուղիները:

 

Նման անկաշկանդ քննարկումներնն առավել տեսանելի են դարձնում ոլորտում առկա այն բացերը, որոնց լուծման գործում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են դերակատարում ունենալ:

 

Որպես մոր և մանկան առողջության ոլորտում մեծ դերակատարում ունեցող կազմակերպություն' «Վորլդ Վիժն Հայաստանն» իր նոր ռազմավարության շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ շարունակելու է շահերի պաշտպանության, քաղաքականության մշակման և աջակցման գործընթացը:

 

Դաշինքի ամենամյա հանդիպումը նախաձեռնել էր «Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան գրասենյակը' «Երեխաների առողջության քարոզարշավ» ծրագրի շրջանակում: