Հայաստանը մտադիր է սերտացնել Ուկրաինայի առողջապահության ոլորտի մասնագիտական միավորումների հետ համագործակությունը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Տատյանա Զնամենսկայային:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջատար մասնագետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 3-ին կայանալիք արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրներին նվիրված գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով:
Արմեն Մուրադյանը նշել է, որ այդ ձևաչափի հանդիպումները լավ հնարավորություն են մասնագիտական փորձի, գիտելիքների փոխանակման համար: Նա առաջարկել է սերտացնել երկու երկրների մասնագիտական միավորումների համագործակությունը:
Ներկայացնելով մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրի արձանագրած հաջողությունները' նախարարը շեշտել է, որ Հայաստանում էականորեն նվազել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները:
Տատյանա Զնամենսկայան իր հերթին նշել է, որ Հայաստանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ իրենց համագործակցությունը տարիների փորձ ունի:
Նրա խոսքով' իր ղեկավարած ասոցիացիան ունի մոտ 2000 անդամ: Կառույցի հիմնական նպատակը մայրերին ու նորածիններին ցուցաբերվող բժշկական օգնությաn բարելավումն է, հատկապես՝ մինչև 1 կգ քաշով լույս աշխարհ եկած նորածինների:
Պրոֆեսորի գնահատմամբ' Հայաստանի մասնագետները լուրջ գիտելիքներ ունեն այս ոլորտում, և քննարկումները հնարավորություն կտան բացահայտելու նոր մոտեցումներ և մշակելու առաջիկա ծրագրերը:
Հանդիպմանը ներկա էին մոր և մանկան առողջության ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետներ: Անդրադարձ է կատարվել նաև նեոնատոլոգիայի ոլորտում բժշկության ներկայիս նվաճումների ուսումնասիրման անհրաժեշտությանը, հասարակության լայն շրջանում նորածնային բժշկության վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացմանը, առողջապահական արդիական այլ հարցերի: