ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն Էստոնիայի կրթության և գիտության նախարարից Էստոնիա այցելելու հրավեր է ստացել:Այս մասին օգոստոսի 27-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ավարտին, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Տեղեկատվությունը շատ օպերատիվ ձևով տարածեցին մեր էստոնացի գործընկերները: Այցելելու եմ Տալլին և ստորագրելու եմ այն միջպետական համաձայնագիրը, որի վրա մենք աշխատել ենք վերջին ժամանակահատվածում: Այդ համաձայնագրի ստորագրումը կխթանի կրթության ոլորտում մեր հարաբերությունները: Այն հատկապես թույլ կտա իրականացնել միջբուհական փոխանակման և ուսանողական կրթաթոշակային ծրագրեր»,- նշեց Աշոտյանը:
Աշոտյանը Տալլին կմեկնի սեպտեմբերի 22-ին:
Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 23-ին: Երկու երկրները համագործակցում են նաև կրթական ոլորտում: