2023 թ. հունվարի 19-ին ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը այցելել է Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարան և արժանացել բուհի ռեկտոր Իգոր Մաքսիմցևի ընդունելությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի խոշորագույն տնտեսագիտական բուհերից և տնտեսագիտական կրթության առաջատարներից մեկի և Հայաստանի ուսումնական ու գիտական հաստատությունների միջև համագործակցության զարգացման հարցերը' ներառյալ ուսանողական փոխանակումների ծրագրերի և համատեղ միջոցառումների կազմակերպան հեռանկարները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցության ոլորտում համատեղ հետազոտությունների իրականացմանը:
Յուրի Նավոյանը հրավեր է ստացել հայ-ռուսական հարաբերությունների և եվրասիական ինտեգրացիայի խնդիրների վերաբերյալ առաջիկայում դասախոսությամբ հանդես գալու համալսարանում, ինչպես նաև մասնակցելու համալսարանի կողմից անցկացվող «Եվրասիական տնտեսական հեռանկար» ամենամյա ֆորումին:
ԴԻԱԼՈԳԻ ղեկավարը համալսարանի ղեկավարությանը նվիրել է վերջերս հրատարակված' «Ռուսաստանի Դաշնություն և Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ժողովածուի առաջին հատորը, որը կազմվել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների հետ համագործակցաբար և հրատարակվել Երևանում Ռուսական գրքի տան աջակցությամբ:
Նշենք, որ հունվարի 19-21-ը Յուրի Նավոյանը Սանկտ-Պետերբուրգում էր գտնվում «Եվրասիական անկայունության աղեղը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները Արևելյան Ասիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա» ամենամյա միջազգային գիտաժողովին մասնակցելու համար, որը տեղի էր ունենում Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանում: Գիտաժողովում նա հանդես է եկել «Հարավկովկասյան անկայունության աղեղը և տարածաշրջանային անվտանգության ապահովման միջոցառումները» զեկուցումով: