Հետբուհական կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցությունը կխորանա։ Մասնավորապես, նախատեսվում է կրթական ծրագիր իրականացնել ստոմատոլոգիայի ոլորտում, իսկ հետագայում նաև ստեղծել որոշ ռուսաստանյան համալսարանների մասնաճյուղերը Հայաստանում։ Այս մասին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ներկայացուցչության միջև համաձայնագրի ստորագրումից հետո ն շեց ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։

 

Նա տեղեկացրեց, որ համաձայնագրով նախատեսվում է իրականացնել գործնական ծրագրեր, որոնք միտված են ակտիվացնելու հայ-ռուսական համագործակցությունը։ «Համաձայնագրով նախատեսվում է ծրագրեր իրականացնել երիտասարդ գործարարների համար։ Փորձելու ենք նրանց համար ստեղծել այնպիսի դաշտ, որ երիտասարդ գործարարները կարողանան շփումներ ունենալ իրենց արտասահմանցի գործընկերների հետ։ Համաձայնագրով նախատեսվում է նաև հայ-ռուսական տեղեկատվական պորտալի ստեղծում, որտեղ մանրամասն կներկայացվեն իրականացվող ծրագրերն ու համագործակցության ոլորտները»,-ընդգծեց Սարգսյանը։

 

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը նշեց, որ գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը գործում է արդեն 5 տարի, և այդ ընթացքում իրականացվել են բազում համատեղ ծրագրեր։ «Ինչպես գիտենք' մայիսի 29-ին արդեն կստորագրվեն Մաքսային միության վերաբերյալ պատրաստված փաստաթղթերը։ Մշակվել է նաև Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու համար անհրաժեշտ համաձայնագիրը՝, որի կնքման վերջնաժամկետը հունիսն է։ Այս գործընթացներին զուգահեռ կիրականացվեն այս ծրագրերը, որոնք ավելի գ ործնական բնույթ ունեն»,- տեղեկացրեց Կալինինը։

 

Ստորագրված համաձայնագիրը նպաստելու է երկու երկրների միջպետական ավանդական կապերի, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և միջտարածաշրջանային գործակցության զարգացմանը։ Համաձայնագրով երկու կողմերը պարտավորվում են արտաքին տնտեսական կապերը ծավալելու նպատակով աջակցել բիզնեսին՝ առավել բարենպաստ դարձնելու այն, և զորակցել նոր կապերի ստեղծմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։