Քուվեյթի բարձրագույն կրթության և դաստիարակության նախարար Բադր ալ Այիսան ընդունել է Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Քուվեյթի միջև բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

 

 

Կողմերը կարևորել են այս ոլորտում արձանագրված առաջընթացը և հայտնել այն առավել խորացնելու և խթանելու պատրաստակամություն:

 

Դեսպան Չարչօղլյանն անդրադարձել է միջբուհական համագործակցության մակարդակին և փոխանցել այն ավելի բազմաշերտ և ընդգրկուն դարձնելու հայկական կողմի նպատակադրվածությունը: Դեսպանը նախարար Ալ Այիսային ծանոթացրել է Հայաստանի բուհական համակարգի և դասավանդման մեթոդաբանության, կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների և արձանագրված ձեռքբերումների մասին:

 

 

Անդրադարձ է կատարվել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչի կապակցությամբ արդյունավետ և հեռանկարային է համարվել փոխայցելությունների ակտիվացումն ու քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի շուտափույթ ստորագրումը: