«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲՀԿ առաջնորդի մամուլի գրասենյակից, ուղերձում ասված է. «Սիրելի' հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ' Անկախության 23-ամյա հոբելյանի կապակցությամբ: Անկախությունը բարձրագույն արժեք է յուրաքանչյուրիս ու բոլորիս համար: 23 տարի շարունակ մենք օգտագործում ենք սեփական հայրենիքում ազատ ապրելու և արարելու պատմական հնարավորությունը:
Մեր փոքրիկ երկրին մշտապես բաժին են հասել բազաթիվ փորձություններ, որոնց հաղթահարմանն են մշտապես ուղղված եղել մեր ազգի ջանքերը: Այս տարիների ընթացքում հայի անկոտրում կամքն ու մաքառման ոգին հաղթահարել են բոլոր դժվարությունները: Մեր երկիրն անկախ է, և սա այն լույսն է, որի շուրջ համախմբված են աշխարհասփյուռ մեր միլիոնավոր հայրենակիցները:
Մաքառումի բովով անցած մեր երկիրը հենց մենք պետք է զարգացնենք: Մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու: Համախմբվե՛նք մեր անկախության շուրջ, օգտագործե՛նք աշխարհասփյուռ հայության ներուժը, յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով մեր լուման ներդնե՛նք մեր հայրենիքի բարգավաճման գործում: Ու հենց այդ ժամանակ մենք ու մեր սերունդները կապրենք առավել հզոր և շարունակաբար զարգացող Հայաստանում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք եւ ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի եւ հանուն ապագա սերունդների, որոնք պետք է վայելեն անկախության պտուղները»: