ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման:
«Հարգելի պարոն Նախագահ,
Ամերիկայի ժողովրդի հետ միասին բարեմաղթանքներ եմ հղում սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն գործընկերության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների հարուստ պատմություն: Մարդկանց միջև շփումները, մշակութային և տնտեսական կապերը, որոնք միավորում են մեր երկրները, տպավորիչ են և ոգեշնչող:
Մենք գնահատում և հարգում ենք Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաև այն մեծ ավանդը, որը տարիների ընթացքում հայկական ծագմամբ ամերիկացիները ներդրել են Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները մնում են ամուր, և մենք առաջիկա բազում տարիների համար ևս ակնկալում ենք համագործակցության շարունակում և խորացում»,-ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում: