Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.

 

«Սիրելի՛ երևանցիներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ։ 23 տարի առաջ իրականություն դարձնելով անկախ պետականության վերականգնման մեր դարավոր երազանքը՝ հայ ժողովուրդը, որպես ուղենիշ ընտրեց ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունն ու համամարդկային մյուս արժեքները և ձեռնամուխ եղավ սեփական երկրում սեփական պետության կայացման ու ամրապնդման գործընթացին: Եվ այսօր մեր երկիրն արդեն իր հաստատուն տեղն է զբաղեցնում աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում։

 

Այդքան դժվարությամբ ու թանկ գնով ձեռք բերված անկախության արդյունքում մեր երազած հզոր ու բարեկեցիկ հայրենիքն ունենալու համար, սակայն, դեռ քիչ չեն անելիքներն ու դեռ ունե՛նք անցնելու ճանապարհ: Ուստի, յուրաքանչյուրիս պարտքն է հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրով, նվիրված աշխատանքով կարճել այդ ճանապարհն ու ավելի մոտեցնել այդ բաղձալի օրը:

 

Կրկին շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ՝ խաղաղություն ու բարօրություն եմ մաղթում բոլոր հայ ընտանիքներին: Ստեղծագործ աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիս՝ հանուն մեր երկրի ու հայրենիքի հզորացման, հանուն մեր սերունդների ապագայի»: