Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության սոցիալական ապահովության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները:

 

Քննարկման դրվեց նպաստի երկու տեսակ՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած և հիվանդության, վնասվածքի պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստները:

 

Ուսումնասիրության մեջ համեմատվել են 2011-2013 թվականների հիմնական ցուցանիշները: 2011 թվականին գրանցվել է 43340 ծնունդ, նպաստավորների թվաքանակը կազմել է 12587 մարդ, վճարվել է 3մլրդ 927 միլիոն դրամ նպաստ: 2012 թվականին գրանցվել է 42480 ծնունդ, նպաստավորների թվաքանակը կազմել է 12445, վճարվել է 3մլրդ 646 միլիոն դրամ: 2013 թվականին գրանցվել է 41770 ծնունդ, նպաստավորների թվաքանակը կազմել է 13370, վճարվել է 5 մլրդ 38 մլն դրամ նպաստ: Այսպիսով՝ 2013 թվականի ընթացքում ծնված երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ պակասել է 710-ով, մինչդեռ վճարվել է 1 մլրդ 391 մլն դրամ ավել գումար, որը մասամբ պայմանավորված է նաև եկամտահարկի մասին օրենքի փոփոխություններով:

 

Ըստ ուսումնասիրությունների՝ եղել են դեպքեր, երբ որպես հղիության և ծննդաբերության նպաստ' մասնավոր ընկերություններն իրենց աշխատակիցներին վճարել են 9, 18, 20 միլիոն դրամ, եղել են հաշված թվով մարդիկ, որոնց տրված գումարները հասել են 30 միլիոն դրամի: Վերահսկիչ պալատի սոցիալական ոլորտի վերահսկողությունն իրականացնող հանձնաժողովի նախագահ Խաչիկ Վարդանյանն օրինակ բերեց մի քանի մասնավոր կազմակերպության անուն, որտեղ խոշոր գումարներ են վճարվել իրենց աշխատակիցներին, ինչը խիստ տարբերվում է ֆիզարձակուրդի մեջ գտնվող, պետական հիմնարկների աշխատակիցներ հանդիսացող կանանց վճարվող գումարներից:

 

Վարդանյանը նշեց, որ օրինակ «Ղ-տելեկոմ» ընկերությունում (Viva Cell MTC) ընկերության բաժանորդների սպասարկման վարչության պետին 2013 թվականի նոյեմբերին վճարվել է 30 400 000 դրամ հղիության ծննդաբերության նպաստ: 12 ամսվա ընթացքում նրան վճարվել է շուրջ 18 միլիոն դրամի պարգևատրում: Կառավարության գործող օրենքի համաձայն՝ եկամուտն իր մեջ ներառում է, բացի զուտ աշխատավարձը, միաժամանակ նաև հավելավճարները, պարգևավճարները և հավելյալ աշխատաժամանակի համար ստացված գումարները:

 

ՎՊ-ի ուսումնասիրության արդյունքներից հետևում է, որ մի շարք կազմակերպություններ վերջին տարիներին բազմապատկել են ժամանակավոր անաշխատունակության համար վճարված նպաստների ծավալները:

 

«Ղ-տելեկոմ» ընկերության ներկայացուցիչ Արմինե Սարգսյանը, ով ևս ներկա էր քննարկմանը, ասաց, որ ընկերությունը պալատին արդեն ներկայացրել է պարզաբանումներ և ցանկացել է շտկումներ անել հաշվետվության մեջ, որտեղ, ըստ իրեն, գրված է, թե «Ղ-տելեկոմ» ընկերության կողմից իրականացվել են չարաշահումներ:

 

«Եթե վերցնենք ՊԵԿ-ի տվյալները՝ ակնառու կդառնա, որ միայն այդ տարվա կտրվածքով «Ղ-տելեկոմի» կողմից վճարվել է ավելի քան 2 մլրդ 200 միլիոնի եկամտահարկ: Ուզում ենք նշել ևս մեկ անգամ, որ ոչ մի հավելավճար նշված անձին, այլ քան նախատեսված է մեր ներքին կանոնակարգով և այլ քան վճարվել է այլ աշխատակիցներին, մեր կողմից չի վճարվել:

 

«Ղ- տելեկոմը» միշտ գործում է օրենքի շրջանակներում: 2005 թվականից ի վեր, պետությանն ուղղակի հարկերի տեսքով վճարվել է 15 մլրդ դրամի հարկ: Ուղղակի անհասկանալի է մեզ համար պալատի կողմից մեր հանդեպ մոտեցումը, փորձել ենք ուղղակի ճշտել՝ ինչ են մեզանից ակնկալում պալատի աշխատակիցները, մինչ հիմա պատասխանը չենք ստացել: Եվս մեկ անգամ պնդում ենք, որ գործել ենք օրենքի շրջանակներում, 2007 թվականից ի վեր, այդ անձը երեխա չի ունեցել, ունեցել է մեկ երեխա՝ 2013 թվականին, պետբյուջե այդ անձի համար վճարվել է ավելի քան 90 մլն դրամի եկամտային հարկ և սոցվճար, դա ավելի քան արդարացի է, եթե պետությանն այդքան գումար է վճարվում, ուրեմն իր անաշխատունակության ընթացքում պետությունը պետք է հատուցի այդ գումարները»,- նշեց Արմինե Սարգսյանը:

 

Իշխան Զաքարյանը՝ պատասխանելով ընկերության ներկայացուցչին, ասաց, որ Արմինե Սարգսյանն ակնհայտ ոչ ճիշտ տեղեկություն հաղորդեց, քանի որ ՎՊ-ն իր տարեկան հաշվետվության մեջ չի գրել, որ «Ղ- տելեկոմը» կատարել է չարաշահումներ. «Եթե դուք այնտեղ կգտնեք այդ նախադասությունը, ինչ որ հիմա դուք ասացիք, ես իմ ամբողջ աշխատակազմով ներողություն կխնդրեմ:

 

Մենք այս օրինակը չենք դրել «Ղ- տելեկոմին» մեղադրելու համար, մենք սա ընդամենը դրել ենք, որպեսզի ասենք՝ կառավարությո՛ւն, ձեր քաղաքականությունն այս ոլորտում ունի օրենսդրական լրջագույն բաց: Շատ հանգիստ «Ղ- տելեկոմը» կարող է իր աշխատակցին վճարել 100 մլրդ պարգևավճար, մենք սա չենք քննարկում, մենք ընդամենը վիճարկում ենք օրենսդրական բացերը»: