Հաջորդ շաբաթ Եվրամիությունը քննարկելու է Ուկրաինայի խաղաղ ծրագրի իրականացումը, սակայն ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցների փոփոխության կամ չեղյալ հայտարարելու մասին դեռևս խոսք չի լինելու: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչին:
Ավելի վաղ դիվանագետը հաղորդել էր, որ խաղաղ ծրագրի իրականացումը կքննարկվի սեպտեմբերի 30-ին ԵՄ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստին:
Կոսյանչիչի խոսքով՝ դեռ վաղ է խոսել պատժամիջոցների մասին:
«Նախ և առաջ մենք պետք է լիովին գնահատենք խաղաղ ծրագրի իրականացման դիմումը և պահանջվող իրավիճակից ելնելով, հանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի ծառայությունը կկարողանան հնարավոր քայլերի նախաձեռնման համար առաջարկություններ պատրաստել»,- ասել է Էշթոնի ներկայացուցիչը:
Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը սեպտեմբերի 11-ին հայտարարելով ՌԴ-ի նկատմամբ ուժեղացված ոլորտային պատժամիջոցների ներդրման մասին՝ ասել է, որ ԵՄ պետությունների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը Եվրոպական արտաքին գործերի ծառայության տվյալների հիման վրա կվերանայի Ուկրաինայի խաղաղ ծրագրի իրականացումը:
Ռոմպեյը նշել է, որ հաշվի առնելով վերանայումը, և եթե իրավիճակը թույլ կտա, ապա Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական արտաքին գործերի ծառայությանը կխնդրեն ներկայացնել մի շարք գործող պատժամիջոցների փոփոխության, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին առաջարկները: