ԿԲ խորհուրդը սեպտեմբերի 23-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2014թ. օգոստոսին արձանագրվել է 0.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը որոշ չափով ավելացել է՝ օգոստոսի վերջին կազմելով 0.8%: Խորհրդի կարծիքվ, առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կշարունակի ընդլայնվել և 2015թ. առաջին կիսամյակում կկայունանա իր նպատակային ցուցանիշի շրջակայքում:
Արտաքին պահանջարկը վերականգնվում է դանդաղ տեմպերով, մինչդեռ ապրանքահումքային շուկաներում առաջարկի ավելացման գործոնների ներքո նկատվում են որոշակի գնանկումային ճնշումներ՝ հատկապես էներգակիրների և հացահատիկի մասով:
Այնուամենայնիվ, Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածում աշխարհաքաղաքական զարգացումների ներքո դեռևս պահպանվում են էական անորոշությունները՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների և ապրանքահումքային շուկաների հետ:
2014թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի ավելացում, սակայն տնտեսական աճի մակարդակը շարունակում է ցածր մնալ: Չնայած արտաքին և ներքին տնտեսություններում պահպանվող ցածր պահանջարկին, ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ մինչ օրս ԿԲ կողմից իրականացված դրամավարկային պայմանների շարունակական թուլացումը բավարար է, որպեսզի զուգորդվելով 2014թ. երկրորդ կիսամյակում սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրման հետ, կարճաժամկետում հանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը:
Արդյունքում, 2014թ. չորրորդ և 2015թ. առաջին եռամսյակներում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կավելանա՝ մոտենալով նպատակային ցուցանիշին և մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ պահպանվելով դրա շրջակայքում:
Միջնաժամկետ հատվածում արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին համահունչ ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով այդ ժամանակահատվածում գնաճի նպատակի իրագործումը: