Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության սենատի անդամ Ֆիլիպ Կալտենբախին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը նշել է, որ Ֆրանսիան նշանակալի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչը պայմանավորված է միջազգային հարաբերություններում Ֆրանսիայի կարեւոր դերակատարությամբ, այնտեղ հայկական մեծ համայնքի առկայությամբ եւ Ֆրանսիայի հանդեպ հայ ժողովրդի ընդգծված բարեկամական վերաբերմունքով:
Երկրի ղեկավարի խոսքով՝ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման մեջ եւ պատրաստ է անել հնարավորն այս ուղղությամբ: Որպես փոխգործակցության կարեւոր ուղղություն՝ երկուստեք նշվել է խորհրդարանական կապերի զարգացումը եւ դրա համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: