Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոյի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։

 

Նախարարները և համանախագահները շարունակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող հարցերի քննարկումները:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միացյալ ջանքերի գործադրման վճռականությունը։

 

Քննարկվեցին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

 

Եռանախագահները տեղեկացրեցին իրենց ցանկության մասին հոկտեմբերին այցելել տարածաշրջան։