«Mediamall.am»   լրատվականը  ներկայացնում է անցնող օրվա  տեղեկատվությունն՝ ամփոփ.


PKK-ն պատերազմ է հայտարարում Թուրքիային

 

Թուրքիայի եւ քրդերի միջեւ հարաբերությունները կրկին լարվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալ թեւի առաջնորդ Մուրադ Քարայըլանը «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի Քոբանիի շրջանում քրդական բնակավայրերի վրա կատարած հարձակումների հետ կապված հայտարարել է, որ Թուրքիան դավաճանել է քրդերին:

 

«Մենք փաստաթղթեր ունենք, Թուրքիան մեկ անգամ եւս հարվածեց մեզ մեր թիկունքից: Քոբանիի վրա հարձակումը Թուրքիայի հետ ԻԼԻՊ-ի համատեղ ծրագիրն է, եւ նրանք քրդերին մեկ անգամ եւս հարվածեցին թիկունքից: Սա դավաճանություն է: Մեզ համար այլեւս վերացել է խաղաղ գործընթացի իմաստը», -ասել է նա:

 

Մուրադ Քարայըլանն ասել է, որ Թուրքիան այլեւս չի կարող խաբել իրենց: «Սա պատերազմի հայտարարություն է: Մենք այժմ սպասում ենք Աբդուլլահ Օջալանի որոշմանը», -ասել է PKK-ի զինյալների առաջնորդը:

 

ԻԼԻՊ-ի գերությունից 49 թուրք դիվանագետների ազատ արձակվելու մասին տարբեր մեկնաբանություններ են արվում: Էրդողանի կառավարությունը մեղադրվում է ԻԼԻՊ-ի հետ համագործակցության մեջ: ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի կոալիցիային ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին Թուրքիայի չմիանալը կասկածներ է առաջացրել: Հայտնի է, որ պատանդ պահվող յուրաքանչյուր թուրք դիվանագետի համար ԻԼԻՊ-ը Թուրքիայից 1 մլն դոլար է պահանջել: Ավելին, ԻԼԻՊ-ը Անկարայից պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված իրենց մի քանի առաջնորդներին: Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ Թուրքիան տանկեր եւ այլ տեսակի զենքեր է տվել ԻԼԻՊ-ին' պատանդներին ազատելու դիմաց:

 

Մուրադ Քարայըլանի այդ հայտարարությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ժամանակում վերսկսվելու են Թուրքիայի բանակի եւ PKK-ի միջեւ մինչ այժմ 40 հազարից ավելի մարդկային կյանքեր խլած զինված բախումները:

 

Նշվում է նաեւ, որ թուրք դիվանագետներին ԻԼԻՊ-ի գերությունից ազատել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, որպեսզի Թուրքիային ստիպեն միանալ ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին:

 

***

 

 Ձերբակալվել են Դիլիջանում ավազակային հարձակում կատարած անձինք

 

Ոստիկանության Դիլիջանի բաժնում սեպտեմբերի 20-ին' ժամը 23.20-ին, ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգ էր ստացվել:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը' ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ անձը դիմակավորված մուտք է գործել 1940թ. ծնված Սվետլանա Պ.-ի տուն, դանակի սպառնալիքով պահանջել գումար ու ոսկեղեն, ձեռքերով հարվածել նրա դեմքին' պատճառելով վնասվածք, այնուհետև տանտիրուհու ձեռքից հանել է մատանին, հյուրասենյակի զգեստապահարանում կախվա ծ բաճկոնի գրպանից հափշտակել 70.000 դրամ, իսկ զարդատուփից' արծաթյա 2 մատանի և տարբեր տեսակի զարդեր' պատճառելով շուրջ 150.000 դրամի նյութական վնաս:

 

Սեպտեմբերի 21-ին' ժամը 11.30-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1972թ. ծնված Գեորգի Դ.-ն և 1988թ. ծնված Գ ոռ Պ.-ն: Գեորգի Դ.-ն և Գոռ Պ.-ն ձերբակալված են: Հափշտակվածը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալել է Սևանի ՔԿԱԳ բաժնի պետին

 

Ս.թ սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արդարադատության նախարարության Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Հայկազի Կիրակոսյանը:

 

Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ռ. Իսկանդարյանը խնդիրներ ունենալով Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենքի հետ, դիմել է Մ. Կիրակոսյանին, ով պատրաստակամություն է հայտնել 500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, առանց համապատասխան փաստաթղթային հիմքերի և ձևակերպումների, տրամադրել ամուսնության կեղծ վկայական, հավելելով, որ դրա հիման վրա նա կարող է կրել այլ ազգանուն, դրանով ստանալ անձնագիր և հնարավորություն ունենալ կրկին մեկնել Ռուսաստանի Դաշնություն :

 

Կաշառք ստանալու դեպքով ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

 

***

 

Հայաստանում 70 քաղաքացիություն չունեցող անձինք կան

 

Այսօր Հայաստանում 70 մարդ գրանցված են որպես քաղաքացիություն չունեցող անձինք, բայց 200-ից ավելի մարդ չեն գրանցվել, և կասկածելի է, թե դրանք ապաքաղաքացիության ո՞ր աստիճանին են գտնվում: Այս մասին, սեպտեմբերի 24-ին լրագրողներին հայտներց ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը «Քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտում և պաշտպանություն. ապաքաղաքացիության կարգավիճակի որոշման ընթացակարգերի ներկայացում» խորագրով կլոր սեղանի ընթացքում: Այն կազմակերպել էր ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՀՀ ոստիկանության հետ համատեղ:

 

Կլոր սեղանը համընկավ Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման, պաշտպանության տրամադրման վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից մշակվող օրենսդրական նախագծի հետ: Այդ նպատակով ՄԱԿ-ը համագործակցում է Ոստիկանության աշխատակիցների հետ՝ օրենսդրական նախագծի մշակման գործընթացում:

 

«Առնվազն 10 միլիոն մարդ աշխարհում ապրում է առանց գրանցված քաղաքացիություն, սակայն միայն 3 միլիոն ունեն քաղաքացիություն չունեցող անձի գրանցված կարգավիճակ: Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտում և պաշտպանություն իրականացնելու նպաատակով մշակվել է նոր օրինագիծ, որի կարևորությունը կայանում է նրանում, որ այստեղ բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կստանան քաղաքացիություն: Պատկերացրեք, նրանք երկար տարիներ ապրում են Հայաստանում, և կարևոր է, որպեսզի հնարավորություն ունենան ստանալ այս երկրի քաղաքացիությունը», - հավելեց Քրիստոֆ Բիրվիրթը:

 

Կլոր սեղանը նվիրված էր Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին 1954 թ. ընդունված Կոնվենցիայի 60-ամյակին, որին Հայաստանը միացել է 1994 թ.: Միջոցառումը նպատակ ուներ հիշեցնել այն միլիոնավոր անձանց գոյության մասին, ովքեր չունեն քաղաքացիություն, թաքնված են ու մոռացված:

 

***

 

Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը վրդովել է ԱՄՆ կոնգրեսականներին

 

«Իրաքի եւ Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող' Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը առաջացրել է ԱՄՆ կոնգրեսականների զայրույթը, ովքեր առանձին հայտարարություններով և սոցիալական մեդիայի միջոցով խստորեն դատարապարտել են այդ վայրագությունները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնեն սեպտեմբերի 23-ին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ողբերգության հիշատակը հավերժացնող եկեղեցու ավերումը պետք է արժանանա միջազգային հանրության խիստ արձագանքին:

 

«Ես խորապես վշտացած և վրդովված եմ Դեր Զորի' Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված եկեղեցու ավերումով: Այս եկեղեցին կանգնեցվել է ոգեկոչելու և հարգելու դեպի Դեր Զոր աքսորի ժամանակ զոհված հարյուր հազարավոր հայերի հիշատակը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ օսմանյան թուրքերի հրամանով հայ փախստականները քշվել են դեպի Դեր Զոր' այնտեղ ոչնչացվելու համար: Պատմության այս սարսափելի դրվագը հավերժացնող եկեղեցու ավերումը պետք է արժանանա միջազգային հանրության խիստ արձագանքին»,- հայտարարել է Փալոնեն:

 

Նրա խոսքով' Միացյալ Նահանգների կառավարությունը և միջազգային մյուս գործընկերները պետք է միասնաբար աշխատեն պաշտպանել Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնություններին' երաշխավորելով, որ քրիստոնյա հայերը այլևս չեն հայտնվի նման չարաբաստիկ գործողությունների թիրախում:

«Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, մենք պետք է հիշենք մեր պարտքը' կանխելու նպատակաուղղված գործողությունները աշխարի բոլոր հայերի դեմ և հետագա ցանկացած բռնություն»,- հավելել է Փալոնեն:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան Թվիթերի իր միկրոբլոգում նշել է. «Խստորեն դատապարտում եմ ԻԼԻՊ-ի կողմից Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը Սիրիայում»:

 

Կոնգրեսական Ադամ Շիֆն իր հերթին հայտարարել է, որ Դեր Զորի հայկական եկեղեցու ականահարումը Սիրիայում ևս մեկ ապացույցն է Իրաքի և Սիրիայի միլիոնավոր բնակիչներին ահաբեկող զազրելի բարբարոսության: «Մենք պետք է աջակցենք միջազգային կոալիցիային, որ ներկայումս պայքարում է օգնել Սիրիայի և Իրաքի ժողովրդին ձերբազատվել այս «քաղցկեղից»,- ասել է նա:

 

Սեպտեմբերի 21-ին' ժամը 11.30-ին, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող' Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը Թվիթերում խստորեն դատապարտել է նաև կոնգրեսական Սենդի Լևինը:

 

Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնտեղ են ամփոփված Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքները: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին' Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին Արամ Ա կաթողիկոսի կողմից այն հռչակվել է համազգային ուխտատեղի:

 

***

 

Ընդդիմադիր եռյակը թույլ է և զուրկ ռեսուրսից. քաղաքագետ

 

Ներքաղաքական կյանքում Հայաստանի գլխավոր խնդիրը ոչ թե ընդդիմության միավորումն է, այլ ընդդիմության ստեղծումը: Հայաստանում դասական ընդդիմություն գոյություն չունի, եւ հենց սրանով է պայմանավորված, որ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը երբեք լուրջ չի վերաբերվել ընդդիմադիր եռյակի գործունեությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ քաղաքագետի, եռյակը, որպես ընդդիմադիր միավորում երբեք գոյություն չի ունեցել, քանի որ ցանկում ընդգրկված կուսակցությունները չեն կարող միավորվել ոչ հանուն, ոչ էլ ընդդեմ ինչ-որ գաղափարախոսության:

 

«Իրավիճակը շատ պարզ է եւ ակնհայտ: Ընդդիմությունը շատ թույլ է, չունի ռեսուրս, իսկ առաջիկայում համապետական ընտրություններ չկան: Հայաստանի լրջագույն խնդիրը ոչ թե ընդդիմության միավորումն է, այլ ընդդիմության ստեղծումը»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին սպասվելիք եռյակի նախաձեռնած հանրահավաքին' Իսկանդարյանը խոստովանեց, որ հոռետես է եւ լուրջ զարգացումներ թե' այդ հանրահավաքից,թե' եռյակից չի սպասում: Ըստ նրա, հանրապետականները իրենց լավ եւ հարմարավետ են զգում ներքաղաքական կյանքում, քանի որ ընդդիմությունն իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում, իսկ բոլոր կարեւոր պաշտոններում հանրապետականներն են:

 

«Լուրջ զարգացումների համար ընդդիմությունը պետք է կարողանա փողոց դուրս բերել հինգ հարյուր հազար մարդու, դա նրանք անել չեն կարողանա: Առավելագույնը նրանք կկարողանան մեկ կամ երկու հազար մարդու դուրս բերել փողոց, դա արդեն լուրջ թիվ չէ: Եռյակի ուժերը պարզապես ցանկանում են մնալ քաղաքական կյանքում եւ չմեռնել որպես ուժ: Իսկ դրա համար ժամանակ առ ժամանակ նրանք պետք է հայտարարություններ կատարեն, հանրահավաքներ կազմակերպեն»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

ՀՀ ԱԺ չորս խմբակցությունները' Հայ հեղափոխական դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունը, Հայ ազգային կոնգրեսը գարնանը միավորվել էին ընդդեմ իշխանության: Իրենց պահանջները նրանք հրապարակել են տասներկու կետ պարունակող փաստաթղթում եւ պահանջել դրանց կատարումը: Մեկ շաբաթ առաջ Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարեց, որ դուրս է գալիս քառյակից եւ դադարեցնում համագործակցությունը: Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում նախատեսվում է եռյակի հանրահավաքը:

 

***

 

Ոստիկանները ձերբակալել են մի շարք բնակարանային գողություններ կատարած երիտասարդի

 

Ոստիկանության Շենգավիթի բաժնում սեպտեմբերի 12-ին' ժամը 18.50-ին, հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը պոկելով՝ Նոր Խարբերդի մի ամառանոցի 2-րդ հարկի պատշգամբից գողացել են զոդման սարքը և օդորակիչը, այնուհետև կոտրելով պատշգամբից սենյակ տանող դուռը՝ մտել են ներս, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են' պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991թ. ծնված Ռոբերտ Հ.-ն, որը սեպտեմբերի 22-ին' ժամը 18.30-ին, Նոր Խարբերդից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Նա խոստովանել է նաև, որ Նոր Խարբերդից կատարել է մի շարք բնակարանային գողություններ ևս: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած տանտերերին հայտնաբերելու ուղղությամբ:

 

***

 

Օբաման դարձել Է ԱՄՆ-ի «ամենաագրեսիվ» նախագահներից մեկը. CNN

 

Բարաք Օբաման ԱՄՆ-ի առավել «մարտնչող» նախագահներից մեկն Է երկար տարիներ ի վեր. նա հավանություն Է տվել ԱՄՆ-ի բանակի մասնակցությանը յոթ երկրների տարածքում ռազմական գործողություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նշել Է CNN-ի լրագրող Փիթեր Բերգենը:

 

«Ինչպես պարզվել Է, Օբաման ռազմական առումով ամենաագրեսիվ նախագահներից մեկն Է երկար տասնամյակներ ի վեր: Նա ռազմական գործողություններ Է արտոնել մուսուլմանական յոթ երկրում՝ Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Պակիստանում, Սոմալիում, Եմենում եւ այժմ ահա՝ Սիրիայում»,-գրել Է լրագրողը:

 

Բերգենը բերել Է նաեւ անօդաչուների գրոհների հետ կապված օրինակը: Նրա տվյալներով՝ Բուշ-կրտսերի օրոք նման 48 գրոհ Է կատարվել Պակիստանում եւ միայն մեկը՝ Եմենում, իսկ Օբամայի օրոք՝ համապատասխանաբար 328 եւ 99:

 

Ոմանք հավանաբար Օբամային ընկալում են որպես խաղաղ կարգավորման քաղաքականության կողմնակից, բայց փաստերը ցույց են տալիս, որ իրականում ճիշտ հակառակն Է, եզրակացնում Է Բերգենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

***

 

Թուրքիայում քրդերն այրել են Աթաթուրքի արձանը

 

Քրդական աշխատավորական կուսակցության մի խումբ անդամներ, ի նշան Սիրիայում քրդերի նկատմամբ տեղի ունեցող բռնությունների, բողոքի ցույց են իրականացրել Թուրքիայի Շանլըուրֆայի նահանգի Ջիզրե գավառում և այրել են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Դեպքի վայր ժամանած թուրքական ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը կարողացել են մարել կրակը, սակայն արձանը հսկայական վնաս է կրել: Ցուցարարներին դեպքի վայրից հեռացնելու նպատակով ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

 

***

 

Գումարները պետք է վերադարձվեն պետական բյուջե. Իշխան Զաքարյան

 

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության արդյունքները:

 

ՎՊ ներկայացուցիչ Մեսրոպ Հակոբյանը ներկայացրեց այն հաստատությունները, որտեղ կատարվել են ուսումնասիրություններ և արձանագրվել են խախտումներ:

 

Խոսելով կատարված ուսումնասիրության մասին՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասաց. «Բավականին երկար ժամանակ՝ երկու տարի շարունակ, շատ խոսում էինք օպերատիվ վերահսկողություն անելու մասին, երբ արտաքին վերահսկիչ մարմինը պետական բյուջեի և՛ ծախսային մասի, և՛ մուտքերի հետ կապված, և՛ նաև պետական սեփականության տնօրինման հետ կապված որոշակի կառույցների հետ իրականացնում է օպերատիվ հսկողություն, սա նշանակում է, որ մենք ոչ թե սպասում ենք, որ տարին ավարտվի կամ երկու տարի անցնի, այլ ընթացքում, երբ նախարարությունը, ենթադրենք՝ ծրագրերի իրականացման գրասենյակը կամ որևէ այլ կառույց ինքը պետական բյուջեի կամ վարկային միջոցների ծախս է նախատեսում, ընթացքում մենք օպերատիվ հսկողության ռեժիմով կարողանում ենք շարժվել առաջ և տեսնել՝ մոտավորապես ինչ թերություններ կան:

 

Այս առումով ԿԳ նախարարի և ՎՊ-ի միջև այս համաձայնությունն անցած տարի կայացվեց և շատ լավ արդյունք տվեց: Պետք է ասեմ, որ իրոք դինամիկ, շատ օպերատիվ և՛ նախարարության աշխատակազմը, և՛ ՎՊ-ն կարողացան այս թերությունները հայտնաբերել և տեսեք մենք այս ֆինանսական խախտումների մասին չենք ասում՝ գիտեք ինչ, սա արդեն յուրացվել է, սա արդեն գնացել է, այլ ասում ենք, որ ընթացքում կանգնեցվել է խնդիրը»:

 

ՎՊ նախագահի խոսքով՝ այստեղ կար ընդամենը մեկ խնդիր, որն էլ լրացուցիչ քննարկման կարիք ուներ: «Դա վերաբերում էր հատկապես այն ՊՈԱԿ-ներին, որոնց հետ կապված 355 մլն դրամի ՎՊ-ի հանձնաժողովն արձանագրել է վճարված գումարներ: Այստեղ կար լրացուցիչ ուսումնասիրության խնդիր և ես ինքս նաև այդ խնդիրը դրեցի, որ տեսնենք՝ ինչպես ենք վարվելու այս դեպքում, որովհետև այդ կազմակերպություններից մի քանիսն այսօր իսկապես լավ և բարձր համբավ ունեն կրթական բնագավառում և բավականին լավ աշխատանք են կատարում:

 

Լրացուցիչ քննարկեցինք, ինչից հետո էլ մենք միանշանակ եկել ենք այն կարծիքին, որ այս գումարները վերականգման ենթակա գումարներ չեն, որ այս գումարները վճարված են ժամանակին, վճարված են ճիշտ և վճարված են ըստ ծրագրերի, որոնք իրենք ներկայացնում են նախարարություն և պետք է առաջ գնան, ուղղակի այստեղ մեկ խնդիր կար, որ կանոնադարությունը մշակված չէր և ՎՊ հանձնախումբը դիտարկում էր որպես սովորական հանրակրթական դպրոցներ այն դեպքում, երբ իրենք ավելի բարդ ծրագրեր են իրականացնում:

 

Դրա համար մենք այս մասով շատ ճիշտ որոշում ենք կայացրել այդ քննարկման ընթացքում, որ խնդիր ենք դրել նախարարության առաջ, որ արագ կարողանան կանոնադրական այդ խնդիրները կարգավորել, լուծել, որպեսզի ընդհանրապես այս թեման հետագա քննարկումների տեղիք չտա, մնացած դեպքերում արձանագրված խախտումների մասով գումարները պակասեցվել են ծրագրերից և մեր առաջարկությամբ տարեվերջին դրանք պետք է վերադարձվեն պետական բյուջե»,- ասաց Իշխան Զաքարյանը:

 

***

 

Խրախուսվեցին Արցախի պաշտպանության բանակի զորամասերում աչքի ընկած գեղարքունիքցի 50 զինծառայողներ

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակում սեպտեմբերի 24-ի առավոտյան միմյանց հետ ողջագուրվեցին Արցախի պաշտպանության բանակի շարքերում աչքի ընկած գեղարքունիքցի 50 զինծառայողներ, նրանց ծնողներն ու հարազատները:

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' Մարտունու մշակույթի տանը հրավիրված «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների համատեղ նախաձեռնությամբ, որը միտված է բանակ-ընտանիք-հասարակություն կապի խորացմանը եւ ամրապնդմանը, կարգապահությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների քաջալերմանն ու խրախուսմանը:

 

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ Պաշտպանույան նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզը ներկայացնող Արցախյան ազատամարտի վետերաններ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ, ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում աչքի ընկած զինծառայողները եւ նրանց ծնողներն ու հարազատները:

 

Ներկաներին հայրենասիրական երգերով ողջունեց ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորական համույթը: Անուն առ անուն ներկայացվեցին Գեղարքունիքի մարզի մարտական այն ջոկատները, որոնք Արցախյան գոյամարտի տարիներին կենաց ու մահու պայքարում կարողացան ամուր կանգնել հայրենի երկրի պաշտպանության դիրքերում: Ապա ձայնը տրվեց ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին:

 

«Այս հանդիսավոր միջոցառումը նվիրված է հայ ընտանիքի ն: Այստեղ հավաքված են մեր բանակի լավագույն զինծառայողների ընտանիքները, ովքեր մեծ դեր ունեն իրենց զավակների կրթության ու դաստիարակության, Հայոց բանակի հզորությունն ապահովելու գործում: Սիրելի ծնողներ, պապեր ու տատեր, կարելի է ասել, որ դուք արդեն արել եք գործի կեսը' մեզ թողնելով միայն ձեր զավակներին ռազմական գործն ուսուցանելը: Առանձնակի ուզում եմ կարեւորել Գեղարքունիքի մարզի դերն Արցախյան ազատամարտում, հատկապես' Քարվաճառի ազատագրության գործում»,-նշեց Մովսես Հակոբյանը:

 

«Փառք ու պատիվ ձեզ, որ բարձր եք պահում մեր հողի ու հայ զինվորի պատիվը: Դուք ձեր սխրանքով թշնամուն պարտադրեցիք, որ նա հայոց սահմաններից ներս թափանցել չկարողանա: Հավատացած եմ, որ այսպիսի հանդիպումից հետո ցանկացած ծնող այստեղից տուն կգնա ոգեւորված, շատ վհատներ էլ կփոխեն իրենց կարծիքը Հայոց բանակի մասին: Մենք միասին դեռ պայքարի երկար ճանապարհ ունենք անցնելու մեկ ընտանիքի պես»,-իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

«Արցախյան ազատամարտում Գեղարքունիքի մարզը տվեց 432 զոհ եւ 254 վիրավոր: Զոհերը միշտ ապրում են մեր հոգիներում, իսկ ապրող երկրապահները, տարեց, թե պատանի, ամենուր հայրենասիրության դասեր են տալիս: Երկրապահն այն բանակն է, որի զինվորը երբեք չի զորացրվում»,-իր խոսքում նշեց ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը:

 

Հայրենասիրական ու ոգեկոչող ելույթներով հանդես եկան Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ավագ դպրոցի տնօրեն Հերիքնազ Խաչատրյանը,Հայոց բանակի սպա Գառնիկ Ալավերդյանը, զինվորի ծնող Արմեն Օհանյանը: Դահլիճում ցուցադրվեց «Բանակը մեր տունն է» տեսաֆիլմը:

 

Ելույթներից հետո սկսվեց պարգեւատրումների հանդիսավոր արարողությունը: Հայոց բանակի գնդապետ Բարեղամ Մուրադյանն ընթերցեց ՀՀ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԼՂՀ Õ ՊԲ հրամանատարի հրամանագրերը' հայրենիքին մատուցած ծառայության համար մի շարք զինծառայողների, Արցախյան գոյամարտի մասնակիցների մեդալներով եւ թանկարժեք նվերներով պարգեւատրելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության մեդալով» հետմահու պարգեւատրվեց հայկական բանակի մայոր, Ծովինար գյուղի բնակիչ, այս տարվա օգոստոսին թշնամու դիվերսիոն խումբը վնասազերծելիս զոհված Սարգիս Աբրահամյանը:

 

ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության մեդալով» պարգեւատրվեց զինծառայող Արմեն Պետրոսյանը, «Մարտական ծառայության մեդալով»' Արման Դռնոյանը: ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների հրամանով «Դրո Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան» եւ մի շարք այլ կարգի մեդալներով ու ժամացույցներով պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզը ներկայացնող մի շարք զինծառայողներ եւ Արցախյան ազատամարտի վետերաններ:

 

Ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ցուցաբերած նշանակալի ավանդի համար պարգեւատրվեցին նաեւ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ավագ եւ Գեղամասարի միջնակարգ դպրոցները:

 

Գնդապետ Բարեղամ Մուրադյանը ներկայացրեց այն զինծառայողների անունները, ովքեր ԼՂՀ ՊԲ հրամանատարի կողմից արժանացել են օրենքով սահմանված կարգով կարճաժամկետ արձակուրդի: Ընթերցվեց նաեւ հրամանատարության կողմից նրանց ծնողներին ուղղված շնորհակալական նամակը:

 

ԵԿՄ վարչության կողմից նվերներ հանձնվեցին Գեղարքունիքի մարզը ներկայացնող Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների: Թանկարժեք նվերով' զենքով պարգեւատրվեց ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

 

Խոսրով Խլղաթյան

 

***
 
 
«Գրողի ծոցը' վավերացնեք». Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում
 
 
Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քիչ առաջ ելույթով է հանդես եկել:
 

Ելույթը times.am-ը մեջբերում է ամբողջությամբ.
Գլխավոր Ասամբլեայի հարգարժա´ն նախագահ,
Հարգելի´ պարոն Գլխավոր քարտուղար,
Տիկնա´յք և պարոնա´յք,

Նախ' ի սրտե շնորհավորում եմ Գլխավոր Ասամբլեայի նորընտիր նախագահ' Ուգանդայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամ Կահամբա Կուտեսային' այդ պատվավոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում պրն. Ջոն Ուիլյամ Աշին' Գլխավոր Ասամբլեայի նախորդ նստաշրջանը բարձր մակարդակով նախագահելու համար:

 

Պարո´ն նախագահ, Հայաստանը հաստատում է իր լիակատար պատրաստակամությունն' աջակցել Ձեր բոլոր նախաձեռնություններին՝ միտված ՄԱԿ-ի նպատակների իրագործմանը: Ողջունում եմ Գլխավոր Ասամբլեայի ընթացիկ նստաշրջանի համար ընտրված' «2015թ. հետո փոխակերպվող զարգացման օրակարգի ձևավորում և իրագործում» թեման: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունն աջակցելու Օրակարգի նպատակների իրականացմանը:

 

Պարո՛ն նախագահ,
Ընթացիկ նստաշրջանը տեղի է ունենում մարդկության համար բեկումնային իրադարձությունների՝ Առաջին աշխարհամարտի 100-ամյակի և գալիք տարի նշվելիք 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի ժամանակահատվածում: Շուրջ յոթ տասնամյակ առաջ' Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված Միավորված ազգերի կազմակերպության առաքելությունն այն նոր քաղաքակրթական միջավայրի ու մշակույթի ձևավորումն էր, որը կբացառեր անցյալի ողբերգական էջերի կրկնությունը:
2015 թվականը հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի հայության համար:

 

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք: 1915թ. Ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ համարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ:

 

Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցի տարում, ելույթ ունենալով այս բարձր ամբիոնից, որը ես կկոչեի Պատվո և Պատասխանատվության ամբիոն, բարձրաձայն ասում եմ.
Շնորհակալություն Ուրուգվայ, Ֆրանսիա, Ռուսաստան:


Շնորհակալություն Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա:
Շնորհակալություն Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս:
Շնորհակալություն Լիբանան, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան:Շարունակությունն՝ այստեղ:

 

***

 

Արմեն Աշոտյանը Տարտուի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

 

Էստոնիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երկրի ամենախոշոր ու հեղինակավոր բուհերից մեկը՝ Տարտուի համալսարան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պատվիրակութ յունը հանդիպել է համալսարանի ռեկտորի, ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես, ուսանողների և դասախոսների փոխանակման և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման վերաբերյալ:

 

Էստոնական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի բուհերին՝ եվրոպական գիտակրթական նախագծերում ընդգրկվելու հարցում: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Տարտուի համալսարանում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան լսարան:

 

Տարտուի համալսարանում նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «ԵՄ-Հայաստան. հարաբերությունների հեռանկարներ գիտակրթական ոլորտում» թեմայով: Նախարարը ներկայացրել է նաև Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր:

 

Դասախոսության ավարտին Աշոտյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը: Այդ համատեքստում նախարարը հատուկ ընդգծել է Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես քրիստոնեական աշխարհ ի և եվրոպական քաղաքակրթական հիմնական հենարան:

 

***

 

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցից քիմիական նյութեր են տեղափոխվել անվտանգ տարածք

 

ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 24-ին' ժամը 10.25-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի լաբորատորիայում առկա են չշահագործվող քիմիական նյութեր, որոնց տեղափոխման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել քիմիկ-հետախույզ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Դպրոցի քիմիայի դասասենյակի պահեստից չշահագործվող քիմիական նյութերը տեղափոխվել են ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ: