ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը դրական եւ ուժեղ է որակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ելույթը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրո Մանոյանն ասաց, որ Նախագահի ելույթում կային ճիշտ շեշտադրումները թե’ հայ-թուրքական հարաբերությունների, թե’ Արցախյան հիմնահարցի հետ կապված:
«Նախագահն այդ բարձր ատյանից բացահայտեց Ադրբեջանի քաղաքականությունը: Շատ հատկանշական է, որ ԼՂ հակամարտության հարցի առնչությամբ Սարգսյանը խոսեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի մասին եւ շեշտեց, որ Ադրբեջանը չի կատարում բանաձեւերի պահանջները: Կարեւոր էր նաեւ այն, որ նախագահն ասաց, որ Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներից եւ փորձում է հարցը տեղափոխել անտեղյակ, ես կավելացնեի նաեւ կաշառվող ատյան»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նրա դիտարկմամբ' նախագահը շատ ճիշտ շեշտադրումներ կատարեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս: Կիրո Մանոյանի խոսքով, նախագահը տեղին պատասխան տվեց Թուրքիայի կեղծ ցավակցություններին եւ բացահայտեց արդարության, պատմական անցյալի ու վշտի մասին թուրքական արտահայտությունների էությունը: Ինչ վերաբերում է «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությանը, ըստ Մանոյանի, այն ոչ միայն ուղղված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այլեւ Էրդողանին հասկանալի ոճով էր ասված:
«Ողջունելի է, որ պաշտոնական Երեւանում քննարկվում է արձանագրությունները Ազգային ժողովից հետո կանչելու հարցը: Վստահ չեմ, որ դա նշանակում է նաեւ ստորագրության հետ կանչում, իսկ մեր ակնկալիքն ու պահանջը հենց դա է, քանի որ Հայաստանի ստորագրությունը հետ կանչելով կդրվի վերջակետ: Ինչ վերաբերում է «Գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությանը, ապա ճիշտ պատասխան էր Թուրքիայի նախագահի ոճին: Այս բառերով նախագահը ներկայացրեց հասարակության տեսակետը Թուրքիայի այն դիրքորոշմանը, որ սահմանի բացումն ու հարաբերությունների հաստատումը կապում են Ղարաբաղի հարցի հետ»,- ասաց Մանոյանը' հավելելով, որ ճիշտ կլիներ ելույթում օգտագործել նաեւ հետեւանքների վերացում արտահայտությունը:
Ըստ նրա, նախագահի ելույթին լուրջ ուշադրություն կդարձնեն քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները, քանի որ, բազմիցս ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, Հայաստանի նախագահն առաջին անգամ նման աննախադեպ ելույթ ունեցավ եւ ելույթի ձեւն ու շեշտադրումները վստահաբար պետք է գրավեն միջազգային տարբեր ուժերի ուշադրությունը:
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային 69-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ անդրադարձել հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հակամարտությանը: Նախագահը հայտարարել է, որ Հայաստանը լրջորեն մտադրվել է հետ կանչել 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները խորհրդարանից: