ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանության տարելիցին հղած ուղերձը ընդգծեց, որ այն ոչ թե ուղղված էր ողջ հայությանը, այլ միայն` Թուրքիայի հայությանը:

 

«էրդողանն իր կողմնակալ կեցվածքը դրսևորեց նաև` այն ուղղելով Պատրիարքի փոխանորդի պաշտոն արդեն չունեցող, բայց այդ պետության կողմից տրված հնարավորությամբ պաշտոնավարումը շարունակող Արամ Աթեշյանին: Ուղերձի վերջում Էրդողանը հաջողություն մաղթեց Աթեշյանին՝ Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրություններում: Այդ ուղերձից պարզ երևում էր, որ Արամ Աթեշյանը Թուրքիայի իշխանությունների թեկնածուն է»:

 

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային արձագանքի մասին, Մանոյանը նշեց, որ ԱՄՆ-ի նախագահը ցեղասպանության փաստի մասին խոսելիս ասաց ամեն ինչ, բայց առանց «ցեղասպանություն» բառն արտաբերելու:

 

Հարցին՝ ի՞նչ են նշանակում Թրամփի օգտագործած տերմինները և ինչպե՞ս կբնութագրի ԱՄՆ նախագահի դիրքորոշումը, Մանոյանը պատասխանեց.

 

«Նա հանձնառու չէ որևէ բան անելու, բայց միևնույն ժամանակ չի ուզում ճնշում բանեցնել Թուրքիայի վրա: Մենք պետք է նկատի ունենանք նաև այն, որ Թրամփի դեպքում երևաց իր դիրքորոշումը, նա թեև խոսեց ցեղասպնության մասին, սակայն չարտաբերեց ցեղասպանություն բառը»,- ասաց նա՝ շեշտելով, որ Թրամփը` լինելով «Թրամփ», դժվար է պատկերացրել հաջորդ քայլը որը կլինի, ոչ միայն մեր հարցում, այլ՝ ընդհանրապես:

 

Ըստ նրա՝ ամերիկահայ քաղաքական կյանքի ճակատագիրը կախված է նրանից, թե ԱՄՆ-ն ինչ հարաբերություններ կունենա Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի հետ:

 

Սոնա Հարությունյան