ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի հարցով գործադիր տնօրեն Մենո Սնելին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը և նշել, որ համատեղ իրականացվող ծրագրերն ընթանում են հաջողությամբ' առանց որևէ խոչընդոտի:

 

Վարչապետը, ներկայացնելով կառավարության ծրագրի առաջնայնությունները, նշել է, որ գործադիրն իր բոլորը ջանքերը պետք է ուղղի տնտեսական միջավայրի բարելավմանը, հավասար պայմանների ապահովմանը, աղքատության կրճատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ստվերի կրճատմանը: «Տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից են ինստիտուցիոնալ բարեփոխումները, և մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ իրականացնելու այդ բարեփոխումները»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

 

Գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության հետ ձևավորված փոխգործակցության մակարդակի կապակցությամբ՝ Մենո Սնելը նշել է, որ ԱՄՀ գործադիր խորհրդում Հայաստանն իր հավակնոտ ծրագրերն իրականացնելու արդյունքում ունի բարձր վարկանիշ: Մենո Սնելը ԱՄՀ աջակցությունն է հայտնել Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործընթացում:

 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: