ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Ինչպես այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, այդ փոփոխությունները միտված են երկրում գործարար միջավայրի բարելավմանը:
Ըստ նրա' օրենսդրական նախաձեռնության նպատակը սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է: Այդ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից:
Մյուս օրենքների փոփոխությամբ առաջարկվում է միասնականացնել հարկային մարմնի կողմից հաշվարկվող տույժերի չափերը, անցում կատարել հարկային հաշիվների և այլ փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին և այլն: