Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց գործարար միջավայրի բարելավման 2015 թվականի միջոցառումների ծրագրին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով ընդգծվել է գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ: «Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը և արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ:
Համաշխարհային բանկի և Միջազգայի ն ֆինանսական կորպորացիայի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 29-ին հրապարակած «Արդյունավետությունից դեպի արդյունք» վարկանիշային զեկույցի համաձայն՝ Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցնում է 45-րդ տեղը: Գործարար միջավայրի և Հայաստանի դիրքի բարելավման շարունակականության ապահովման նպատակով առաջարկվում է իրականացնել արագ և լայնամասշտաբ բարեփոխումներ»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը: Ակնկալվում է, որ միայն դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների արդյունքում ՀԲ դասակարգման մեջ Հայաստանի դիրքը կբարելավվի երկու կետով:
Ծրագրի շրջանակում կպարզեցվեն բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերը, ծրագիրը կնպաստի փոքր և միջին ձեռնարկությունների արագորեն աճի և արտաքին առևտրի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը: