Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի առաջին նիստը, որին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը, հանձնաժողովի կազմում ընդգրկված ոլորտի ՀԿ-ների նախագահներն ու անդամները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տե ղակալ Կամո Արեյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիc, oրակարգի համաձայն, քննարկվել է Հաշմանդամների հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի ծրագիրը: Հանձնաժողովի անդամ ՀԿ-ների ղեկավարները ներկայացրել են կարծիքներ և առաջարկներ:

 

Խոսելով ծրագրի դրույթների մասին՝ հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել է, որ 2014 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից սույն հանձնաժողովի հետ համատեղ կյանքի կոչված ծրագրերը բոլոր ուղղություններով կշարունակվեն նաև 2015 թվականին: Ընթացիկ առաջարկները կքննարկվեն և ըստ երևույթին կներառվեն տարեկան ծրագրերում:

 

Այս տարի ևս սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ուղղվածության ծրագրերում առաջնահերթության կարգով կներառվեն հատուկ կարիքներով անձինք և նրանց ընտանիքները: Հանձնարարվել է եռամսյակային հաշվետվություններում ներառել նաև այն ՀԿ-ների գործունեությունը, որոնք ընդգրկված չեն քաղաքային հանձնաժողովում: Հաշմանդամների հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի ծրագիրը հաստատվել է միաձայն: Ծրագիրը կներկայացվի Երևանի քաղաքապետի վավերացմանը: