Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց նվազեցնել «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի կողմից Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հա կիսափակ ջերմոցային համալիր կառուցելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալը և երկարաձգել իրականացման ժամկետը:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նկատեց, որ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններն այս նախագծով նախատեսում են լոլիկի արտադրության ջերմոց ու բորբոսային պանրի արտադրության արտադրամաս ստեղծել:
Նշենք, որ ներդրումային ծրագրով լոլիկի արտադրության ջերմոցային համալիրի համար անհրաժեշտ ներդրումները գնահատվել էին մոտ 133 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2018 թվականի ամռանը։ Սակայն անհրաժեշտություն էր առաջացել շինարարության ավարտի ժամկետներում փոփոխություններ կատարել. ներդրումային արժեքը սահմանել 88 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2019 թվականի դեկտեմբերին։
Այս փոփոխությամբ՝ 88 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների հաշվին մինչև 2020 թվականը «Սպայկա» ՍՊԸ-ն Երևանի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում կկառուցի կիսափակ ջերմոցային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700 աշխատատեղ ու մեծացնել արտահանման ծավալները:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց՝ ներդրումները նվազել են ոչ ներդրողի մեղքով, այլ «Երևան ՋԷԿ»-ի պատճառով, քանի ո վերջինս այդքան էլեկտրաէներգիա չի կարող տրամադրել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց ներդրումային ծրագիրը հաստատել մի պայմանով, որ եթե 88 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը չկատարի ընկերությունը, ապա նվիրաբերված հողատարածքը պետք է ետ վերադարձնի։