Հայաստանի կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների 300 մլն դրամ արժեքային սահմանաչափը, որը կիրառվում է մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով, 2014 թվականի հունվարի 1-ից կփոխարինվի 200 մլն դրամով: Որոշման կիրառման համար «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կառավարությունը կիրականացնի համապատասխան փոփոխություններ:

 

Փոփոխությունների նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 17-ի նիստի օրակարգում: Մինչ այդ գործադիրը երեք տարի ժամկետով տարբեր ընկերությունների համար որպես օժանդակություն հետաձգել է ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող 300 մլն դրամ և ավելի արժողությամբ ապրանքների ԱԱՀ վճարը: