«Ես պարոն Մարուքյանին և պարոն Գորգիսյանին արդեն ասել եմ, որ մենք չենք միանալու արտահերթ նիստին այն ձևակերպումներով, որոնցով որ ներկայացվում է առաջարկը»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հարցին` քանի որ ստորագրությունները հավաքվել են, դուք քվորում ապահովելո՞ւ եք, որպեսզի նիստը կայանա, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Գոյություն ունի իրավական ընթացակարգ, որով խորհուրդն է որոշում՝ արտահերթ նիստ կայանա, թե ոչ: Ստորագրահավաքն անհրաժեշտ պայման է, բայց բավարար չէ»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ինքը ևս խորհրդի անդամ է, Մակունցը նկատեց, որ դա կապ չունի. այս ընթացակարգով արտահերթ նիստ կլինի, եթե խորհուրդը համապատասխան որոշում կայացնի: Լիլիթ Մակունցի խոսքով` Էդմոն Մարուքյանի կողմից արվել է առաջարկ և իրենք պատասխանել են, որ նման ձևակերպումներով արտահերթ նիստի առաջարկին կողմնակից չեն. «Մենք կողմնակից ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին լայնածավալ քննարկումներ լինեն:Եթե անգամ ընդունենք, որ կարող է արտահերթ նիստ լինել, ապա դա չի կարող լինել երկուշաբթիից շուտ, որովհետև ուրբաթ օրը մենք անցումային արդարադատության վերաբերյալ լայնածավալ լսումներ ունենք, որի շրջանակներում բոլոր հարցերը կարող են քննարկվել: Մենք կողմ ենք, որ դատաիրավական համակարգի առողջացման, հեղափոխական բարեփոխումների մասին մենք ունենանք լուրջ քննարկումներ, որովհետև քննարկումների արդյունքում դրանք չեն լինի միակողմանի»,- եզրափակեց Մակունցը` հավելելով, որ իրենք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն առաջարկել են, որ վերանայեն ձևակերպումները, քանի որ որոշ ձևակերպումների մեջ խնդիր կա, սակայն ԼՀԿ-ն մերժել է:
Սիլվի Տիգրանյան