Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը Ուկրաինայի կառավարության ընդունելությունների տանը սեպտեմբերի 23–ին կազմակերպել է պաշտոնական ընդունելություն' ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընդունելությանը ներկա են եղել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի, կառավարության ներկայացուցիչներ, Գերագույն Ռադայի պատգամավորներ, գիտության, մշակույթի գործիչներ, ԶԼՄ–ների, հայ համայնքի և այլ բնագավառների ներկայացուցիչներ: Ընդունելությանը մասնակցել են դեսպաններ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ:

 

Ողջունելով հյուրերին' Ուկրաինայում ՀՀ Դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշել է, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, խնդիրներին, մարտահրավերներին, մեզ պարտադրված պատերազմին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակմանը' հայ ժողովուրդը, շնորհիվ իր տոկունության, հավատի, կամքի, միասնականության և համախմբվածության, կարողացավ հաղթահարել դժվարին խնդիրները և այսօր վստահո ւթյամբ կերտում է իր ապագան:

 

ՀՀ դեսպանը նշել է, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են Ուկրաինայում հայոց դարավոր ներկայության վրա: Մեր ժողովուրդների բարեկամությունը ունի հազարամյա պատմություն, և այդ ողջ ժամանակաընթացքում մեր հայրենակիցները Ուկրաինայի հյուրընկալ հողում իրենց ակտիվ մասնակցությունն են բերել երկրի զարգացման գործում: Նա գոհունակությամբ է նշել, որ ներկայիս շուրջ հինգ հարյուր հազարանոց հայ համայնքը, պահպանելով նախնիների պատմական ավանդույթները, ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի պետականության զարգացմանն ու ամրապնդմանը' պահպանելով իր ազգային ինքն ությունը:

 

Դեսպան Մանուկյանը հույս է հայտնել, որ Ուկրաինան կհաղթահարի ներկայիս դժվարությունները և կկառուցի իր ժողովրդի երազներին և պատկերացումներին համապատասխան ապագա:

 

Դեսպանն անդրադարձել է հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին' խոսելով նաև մշակութային բնագավառից ու անդրադառնալով Ուկրաինայի մեծ զավակ Տարաս Շևչենկոյի ծննդյան 200-ամյակին: Նա շեշտել է, որ այդ առիթով տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանում: Երևանում տեղադրվել է նրա հուշարձանը: ՀՀ դեսպանության և հայ համայնքի կողմից մի շարք միջոցառումներ են կազմակերպվել նաև Ուկրաինայում:

 

Ընդունելությանը համերգային ծրագրով հանդես է եկել «Կիև կլասիկ» սիմֆոնիկ նվագախումբը: