ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Հենրի Քիսինջերը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է «Ռուսաստանը պահել առաջնագծում» և «ռուսական զորքերը հետ մղել դեպի սահմաններ մինչև փետրվաիրի 24-ը՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի օրը»։ Այս մասին նա հայտնել է The Spectator ամսագրին տված հարցազրույցում։
Այս տարբերակը, ըստ նրա, երեք հնարավորից երրորդն է։ Այս դեպքում «Մոսկվան կպարտվի», իսկ Կիևը սերտ կապեր կհաստատի ՆԱՏՕ-ի հետ կամ կդառնա դաշինքի մաս։ Արևմտյան պետությունների համար ուկրաինական ռազմական հակամարտության նման ելքը «զգալի ձեռքբերում» կլինի։ Քիսինջերի խոսքով՝ այնուհետև ՆԱՏՕ-ն ուժեղացված Շվեդիայով և Ֆինլանդիայով, կվերազինի Ուկրաինան, և Կիևը կստանա «Եվրոպայի ամենահզոր բանակը»: Այս դեպքում Ռուսաստանը «նորագույն պատմության մեջ առաջին անգամ» ստիպված կլինի գործ ունենալ ամբողջ Եվրոպայի հետ, այլ ոչ միայն Ամերիկայի, որը պաշտպանում է Հին աշխարհն իր միջուկային ուժերով։
Ուկրաինական հակամարտության զարգացման մեկ այլ տարբերակ Ռուսաստանի կողմից իր զբաղեցրած դիրքերի պահպանումն է։ Այդ ժամանակ Ուկրաինան կկորցնի իր տարածքի 20%-ը, իսկ Ռուսաստանի Դաշնությունը ձեռք կբերի Դոնբասի մեծ մասը՝ «հիմնական արդյունաբերական ու գյուղատնտեսական տարածքները և Սև ծովի երկայնքով գտնվող տարածքը»։
Քիսինջերը տեսակետ է հայտնել, որ նման տարբերակը հաղթանակ կլինի ռուսական պետության համար՝ «չնայած սկզբում գրանցված բոլոր անհաջողություններին»։ ՆԱՏՕ-ի դերն այս դեպքում զգալիորեն կնվազի։
Վերջապես, մեկ այլ տարբերակ է Ղրիմի երկրորդ պատերազմը, եթե Ռուսաստանը «փորձում է դուրս մղվել Ղրիմից»։
Մայիսին Քիսինջերը ելույթ ունեցավ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, որտեղ նա ասաց, որ Արևմուտքը պետք է ազդի Ուկրաինայի վրա՝ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար։ Նրա խոսքով՝ «իդեալական ջրբաժանը կլինի վերադարձը ստատուս քվոյին»։
«Բանակցությունները պետք է վերսկսվեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում,- հույս է հայտնել նախկին պետքարտուղարը,- եթե դա տեղի չունենա, ապա «ներկայիս լարվածությունը շատ դժվար կլինի հաղթահարել»»։ Նրա կարծիքով, Ղրիմի կարգավիճակը կարող է քննարկվել միայն հրադադարից հետո։ Նա նաև Դավոսում արևմտյան քաղաքական գործիչներին կոչ է արել դադարեցնել «Ուկրաինայում ռուսական ուժերին ջախջախիչ պարտություն» պատճառելու փորձերը և նշել, որ Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և եվրոպական ուժերի հավասարակշռության երաշխավորը ավելի քան 400 տարի։ «Օգոստոսից սկսած տեղի կունենան որոշակի իրադարձություններ, որոնք ամբողջ աշխարհին ցույց կտան, որ բեկումնային կետ է եկել»,- ասել է նա։
Զելենսկին ավելի վաղ նույնպես խոսել է շրջադարձային կետի հնարավորության մասին, սակայն դրա համար, ըստ Զելենսկիի, Ուկրաինային ավելի շատ արևմտյան զենք է անհրաժեշտ։