Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը նոր բանակցությունների չի գնա Ռուսաստանի հետ, եթե Մոսկվան «վերջնագրեր հայտարարի»։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ վերլուծում է բանակցությունների արդյունքները։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Կիևը պատրաստ է հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն բանակցությունների չի գնա, եթե «Ռուսաստանի Դաշնությունը ծրագրի հայտարարել իր վերջնագրերի մասին»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը նշել են թեմաներ, որոնց շուրջ լուծումներ են նախանշվում, և շուտով բանակցությունների երկրորդ փուլ կանցկացնեն։ Այս մասին նա ասել էր լրագրողներին։
Նա հավելել էր, որ բանակցությունների հաջորդ փուլում այդ թեմաներն ավելի կոնկրետ կլինեն։ Ռուսաստանի ղեկավարի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում էր բանակցություններում ռուսական պատվիրակությունը, հայտարարել էր Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու պայմանավորվածության մասին։