Վերանորոգումից հետո, սեպտեմբերի 26-ին վերաբացվեց Հայկաձորի համայնքապետարանի շենքը: Համայնքապետարանում այսուհետ կգործի նաև համայնքային տեղեկատվական և վերապատրաստման կենտրոնը:

 

Վերանորոգման աշխատանքերն իրականացվել են «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ, սակայն աշխատանքերը չէին իրականացվի, եթե չլիներ համայնքի համաֆինանսավորումը:

 

Ծրագրում համաֆինանսավորմամբ հանդես է եկել նաև Շիրակի մարզպետարանը, ինչպես նաև, որպես սահմանամերձ գյուղին աջակցող, ՀՀ պաշտպանության նախարարությունը: Վերանորոգվել է նաև գյուղի բուժկետը: Վերնորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմել է 22 մլն 862 հազար դրամ: Բացի գյուղապետարանի հին շենքի վերանորոգման աշխատանքներից, տարբեր ծրագրերով, ձեռք է բերվել գյուղապետարանի շենքի և բուժկետի գույքը:

 

Համայնքապետարանի վերաբացման ժամանակ, որին ներկա էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ԱՄՆ ՄԶԳ, «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպությունն երի ներկայացուցիչները, համայնքապետեր, սահմանապահ ջոկատի ղեկավարներ, Հայկաձոր համայնքի ղեկավար Գևորգ Սարգսյանը նշեց, որ սա «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հետ առաջին ծրագիրը չէ. նախկինում ևս կյանքի են կոչվել մի շարք հաջողված ծրագրեր՝ համակարգչային դասարանի ստեղծում, դասընթացներ, ճամբար և այլն:

 

Ծրագիրը կյանքի չէր կոչվի, եթե չլիներ համատեղ ու համակարգված աշխատանք: Այս մասին իրենց խոսքում նշեցին ԱՄՆ ՄԶԳ և «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:Հայկաձոր գյուղն ունի 1010 տարվա պատմություն: Նախկինում բնակավայրը կոչվել է Կարմիր վանք: Այն Հայաստանի պատմական Անի մայրաքաղաքի շրջակա գյուղերից է և համարվում է նրա արվարձաններից մեկը:

 

Պատմական տեղեկությունների համաձայն' ներկայիս գյուղը ձևավորվել է 1829-30 թթ: Բնակավայրի հիմնադիրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշ, Բասեն, Մանազկերտ և Բյուլանըղ գավառներից, իսկ մյուսները՝ 1915 թ. Եղեռնի ժամանակ, Ղարսի նահանգի Արազգեղ գյուղից, Մուշի ու Տարոնի գավառներից:Համայնքը ներկայումս ունի 137 տնտեսություն, 542 բնակիչ:

 

Արմենուհի Մխոյան