
Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է ՀԺԿ ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ:
ԲՀԿ նախագահը նշեց, որ առաջնորդվել է ու շարունակելու է գործել մեկ սկզբունքով՝ հարգանք քաղաքական հակառակորդների նկատմամբ, համագործակցություն երկրի համար կարևորագույն հարցերում:
«Միմյանց վարկաբեկելուց, վիրավորելուց ու հայհոյելուց ոչ մի հարց չի լուծվելու: Դրանից մեր ժողովրդի բարեկեցությունը չի բարձրանալու: Անիմաստ չարությունն ու թշնամանքը իմ ու իմ քաղաքական ուժի պայքարում տեղ չունեն»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:
Պայմաններ, հնարավորություն, արդարություն ու մրցակցություն. այս ամենի դեպքում է հնարավոր խոսել մեր ժողովրդի ցանկությունների կատարման մասին, ժողովուրդ, որն, ըստ ԲՀԿ նախագահի, պատրաստ է նպաստավոր պայմանների դեպքում արարել ու շենացնել իր երկիրը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության ու գործակցության առաջարկի համար՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահը, անդրադառնալով Սահմանադրության փոփոխությանը, նկատեց, որ դրա հասարակական պահանջը չկա:
«ԲՀԿ օրակարգում երկու հարց է՝ ոչ իշխանական ուժերի առաջ քաշած 12 կետերի իրականացում, որն էապես կբարելավի մեր քաղաքացիների կյանքը ու կթուլացնի առկա լարվածությունը և սահմանադրական փոփոխությունների գաղափար, որտեղ կան շատ հարցականներ ու անընդունելի պահեր»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
«Ժողովրդի վստահության վերականգնումը պետք է լինի բոլորիս խնդիրը»,- իր հերթին ընդգծեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
«Ես կարծում եմ, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղալու ժողովրդի համբերության հետ, իրավունք չունի հարցերը չլուծել՝ մտածելով, որ ժողովուրդը միևնույն է համբերելու է: Սա լավ բանի չի բերի»,- հանդիպման ավարտին նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ժողովուրդը բարձրացնում է ցավոտ հարցեր, ցավոտ խնդիրներ, և դրանք լուծել է պետք: