ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը սեպտեմբերի 25-ին քննարկման է ներկայացրել Հանրային դրամական պահանջների վերաբերյալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ինչպես նաև «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը»:

 

Հովհաննես Մանուկյանն իր զեկույցում բովանդակ ներկայացրել է նաև «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

 

Կառավարության նիստից հետո նախատեսված է եղել արդարադատության նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ, որտեղ պիտի ներկայացվեին Նախագիծը և Հայեցակարգը: Ճեպազրույցը չի կայացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ելնելով այդ հանգամանքից, Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է օրինագծերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:

 

«Իր զեկույցում արդարադատության նախարարը, անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին, ընդգծել է, որ ներկայում հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Նախագծով նախատեսվում է հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական ընթացակարգ, այն դեպքում, երբ ֆիզիկական անձի նկատմամբ առկա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկ և ավել տուգանք նախատեսող անբողոքարկելի վարչական ակտ, ինչպես նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջով անբողոքարկելի դարձած վարչական ակտի հարկադիր կատարումը հնարավոր է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձմամբ, հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման դատական կարգով, ինչը կհանդիսանա մարդու իրավունքների դատական պաշտպանության երաշխիք:

 

Քանի որ այդ դեպքերում, հանրային իրավական դրամական պահանջների կատարումը կարող է հանգեցնել անձի համար ծանր հետևանքների, ընդհուպ սեփականության իրավունքի սահմանափակման, ուստի անհրաժեշտ է մարդու իրավունքների պաշտպանության հնարավորինս լայն երաշխիքներ ստեղծել՝ դատական ընթացակարգի միջոցով ապահովելով սեփականության իրավունքի սահմանափակման գործընթացքում հավասարակշռվածությունը:

 

Նախարարի խոսքով' «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջի հայցով հայցվորը կարող է պահանջել ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձել ուժի մեջ մտած վարչական ակտով նախատեսված գումարը:

 

Ընդ որում, հայց ներկայացնելիս պետք է ապացույցներ ներկայացվեն վարչական ակտի ուժի մեջ մտնելու կամ անբողոքարկելի դառնալու, ինչպես նաև գումարն արտադատական կարգով բռնագանձելու անհնարինության մասին:

 

Հովհաննես Մանուկյանը նշել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով լուծվել է նաև վարչական ակտի մասին ծանուցման խնդիրը, որի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման միայն այն դեպքում, երբ վարչական ակտը առձեռն հանձնվել է վարչական ակտի հասցեատիրոջը, ինչպես նաև նախագծով սահմանված պատշաճ ծանուցման այլ ձևերով, եթե հասցեատերն է խնդրել դրա նք օգտագործել:

 

Սահմանվել է նաև վարչական մարմնի պարտականությունը դրամական պահանջները հարկադիր կատարման ներկայացնելիս կցել ոչ միայն վարչական ակտը, այլև այն հասցեատիրոջ կողմից ստանալը հավաստող ապացույցը: Ընդ որում, եթե հարկադիր կատարողը կատարողական վարույթի ընթացքում պարզում է, որ առկա չէ վարչական ակտը ստանալը հավաստող ապացույց, փաստաթղթերը վերադարձնում է վարչական մարմնին:

 

Արդարադատության նախարարն ընդգծել է, որ Նախագծով մեծ տեղ է հատկացված ծանուցման և անձի լսված լինելու իրավունքի պաշտպանության հիմնախնդիրներին՝ բացառելով կատարողական գործողությունների իրականացումը' առանց այդ իրավունքների պահպանության: Մասնավորապես' Նախագծով կարգավորվել է նաև վարչական մարմնի կողմից արգելանքի մասին որոշում կայացնելու և այն հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու ընթացակարգը և պայմանները:

 

Նախարարի խոսքով՝ փոփոխություն է կատարվել նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման չափի մեջ: Ներկայում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձվում է 5000 դրամ, սակայն հաճախ բռնագանձվող գումարը 5000 դրամից պակաս կարող է լինել: Կատարված փոփոխության արդյուն քում, այն դեպքում, երբ բռնագանձվող գումարը 5000 դրամից պակաս է, կատարողական գործողությունները համար ծախսը կբռնագանձվի այդ չափով:

 

Ամփոփելով զեկույցի վերոնշված հատվածը՝ Արդարադատության նախարարը վստահեցրել է, որ նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվեն հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայում առկա բացերը և խնդիրները:

 

Արդարադատության նախարարը կառավարության նիստում քննարկմանն է ներկայացրել նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծը' «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի» վերաբերյալ: Հովհաննես Մանուկյանը մասնավորապես նշել է, որ Քաղաքացիական հասարակությունը առանցքային դեր է կատարում ժողովրդավարության, իրավունքի գերակայության ապահովման որոշումների կայացման մակարդակում հասարակական տարբեր շերտերի շահերի ներկայացման գործընթացներում, որ ոնք կարևորագույն նախապայմաններ են հասարակության կայուն զարգացման համար:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և հանրային սեկտորի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը հայեցակարգ է մշակել, որով հետևյալ լուծումներն են առաջարկվում:

 

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դասակարգել երկու խմբի՝ միավորում և հիմնադրամ: Միավորումը հնարավորություն կտա միավորել և՛ իրավաբանական անձանց, և՛ ֆիզիկական անձանց: Միաժամանակ կստեղծվեն նաև սահմանափակ մասնակցությամբ միավորումներ, որոնք գիտահետազոտական կենտրոնների (tink tank) գործունեության համար ամենահարմար կազմակերպչական-իրավական ձևն են:

 

Անձեռնմխելի կապիտալով հիմն ադրամներ. դրանք միջազգային պրակտիկայում համարվում են քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների ֆինանսական կայունությունն ապահովող առավել գործուն միջոցներից մեկը:

 

Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի հիմնական առանձնահատկություններ են' հիմնադրամի ստեղծման համար նվիրաբերված դրամական միջոցները կարող է անմիջականորեն օգտագործվել միայն պետական պարտատոմսեր գնելու միջոցով, հիմնադրամն անցնում է տարեկան պարտադիր աուդիտ, իսկ նվիրաբերված դրամական միջոցների հետ կապված բոլոր գրառումներն ու գործարքները հասանելի և բաց են դոնորների և հասարակության բոլոր շահագրգիռ անդամների համար, յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո հիմնադրամը պետք է հաշվետվություն հրապարակի իր կայքում և www.azdarar.am պաշտոնական հրապարակումների կայքում՝ կցելով նաև աուդիտի եզրակացությունը:

 

Կամավորականություն. անհրաժեշտ է սահմանել կամավորական աշխատանքի մասին նորմատիվ կարգավորումները, այն հայտարարագրելու կարգը և ժամկետները, կամավորներին գործուղման ուղարկելու, ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև տարվա ավարտին այդ մասին ամփոփ հաշվետվություն ներկայացնելու և տեղեկությունները հրապարակելու կարգը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեության իրականացումը, որը պետք է բխի կազմակերպության կանոնադրական նպատակներից:

 

Հասարակական կազմակերպությունների հաշվետվողականություն' անհրաժեշտ է սահմանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից հաշվետվությունների ձևերը և բովանդակությունը և պարտադիր պայման նախատեսել պաշտոնական հրապարակումների կայքում հրապարակելը:

 

Պետական դրամաշնորհների մասին առցանց տվյալների շտեմարան. ֆինան­սա­վոր­ման գործըն­թա­ցի թափանցիկությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել առ­ցանց տվյալ­նե­րի շտեմարան, որը կպարունակի տեղեկություններ տրա­մադր­ված դրա­մաշ­նորհ­նե­րի, ծրա­գիրն ի­րա­կա­նաց­րած կազմակերպութ­յուն­նե­րի մա­սին, կպա­րու­նակ­վեն հղում­ներ այն կայ­քին, որտեղ տե­ղադր­ված են դրանց տա­րե­կան հաշ­վետվութ­յուն­նե­րը»: