Իսպանիայի Պետական խորհուրդը՝ կառավարությանն առընթեր բարձրագույն խորհրդակցական մարմինը, միաձայն հավանություն է տվել այն եզրակացությանը, որը երկրի Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչում Կատալոնիայի խորհրդարանի կողմից հավանության արժանացած «Բնակչության հարցումներ անցկացնելու մասին» օրենքը, որոնք հանրաքվեի բնույթ չեն կրում, եւ Կատալոնիայում նոյեմբերի 9-ին հարցում նշանակելու վերաբերյալ կատալոնյան կառավարության նախագա հ Արթուր Մասի կողմից ստորագրված հրամանագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Այժմ այդ եզրակացությունները կքննարկվեն նախարարների խորհրդի նիստում: Հավանության արժանանալու դեպքում Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայում ընդունված օրենքն ու հրամանագիրը կբողոքարկի Սահմանադրական դատարանում:

 

Եթե դատարանը քննություն անցկացնելու համար ընդունի կառավարության հայցը, ապա, գոյություն ունեցող օրենսդրությանը համապատասխան, նախքան դրա վերաբերյալ որոշում ընդունելը, օրենքը եւ հրամանագիրն անվավեր կհամարվեն, ինչը հնարավորություն չի տա անցկացնել նոյեմբերի 9-ին նշանակված հարցումը:

 

Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասը սեպտեմբերի 27-ին հրամանագիր Է ստորագրել նոյեմբերի 9-ին Իսպանիայից անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Կատալոնիայի խորհրդարանը սեպտեմբերի 19-ին օրենք է ընդունել հանրաքվեների մասին, որը, տեղի իշխանությունների կարծիքով, թույլ կտա համաժողովրդական հարցումներ անցկացնել առանց Մադրիդի պաշտոնական համաձայնության:

 

Ինքնավարության իշխանությունների պլանների համաձայն՝ նոյեմբերի 9-ին կատալոնացիներին կառաջարկվի պատասխանել երկու հարցի. «Ցանկանում եք դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա պետություն» եւ «Եթե այո, ցանկանում եք դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն»: Իսպանիայի Սահմանադրական դատարանն անօրինական է ճանաչել հանրաքվեն: Երկրի վարչապետը եւ կառավարության այլ անդամներ քանիցս հայտարարել են, որ չեն ճանաչի դրա արդյունքները:

 

Մինչդեռ Կատալոնիայի բնակիչների գրեթե 60 տոկոսը հայտարարել է, որ պաշտպանում է ինքնավարության կողմից պետության կարգավիճակի ձեռքբերումը: Omnibus հասարակական կարծիքի կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալների համաձայն՝ 58,8 տոկոսը «լիովին» կամ «հիմնականում» համաձայն է, որ Կատալոնիան դառնա պետություն, 31,9 տոկոսը դեմ է արտահայտվում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: