Հարավային Օսիայում հուլիսի 17-ին հանրաքվե է անցկացվելու Ռուսաստանին միանալու վերաբերյալ, համապատասխան հրամանագիրը ստորագրել է ինքնահռչակ հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը։

Քվեարկության դրված հարցն այսպիսի տեսք ունի. «Դուք սատարո՞ւմ եք Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի միավորմանը», գրում է BBC-ն։

Վրաստանից անջատված հանրապետության ղեկավարը հանրաքվեի մասին հրամանագիր է ստորագրել՝ «առաջնորդվելով Ռուսաստանի հետ վերամիավորվելու Հարավային Օսիայի Հանրապետության ժողովրդի պատմական ցանկությամբ», ասվում է կայքում։

«Այսօր ԿԸՀ-ն միաձայն պաշտպանեց Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու նախաձեռնությունը: Փաստաթղթերը ներկայացվել են դատարան: Մենք սպասում ենք դատարանի որոշմանը, և մեր մեծ երազանքը շատ շուտով կիրականանա»,- գրել է Բիբիլովը Telegram-ի իր ալիքում:

Ռուս պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել Բիբիլովի հայտարարությունը։