«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանին սադրանքներ են նախապատրաստում: Այս մասին հաղորդում է «Սվոբոդնայա պրեսա»-ն: Պարբերականի տվյալներով՝ սադրանքներ են պատրաստվում Նոր Տարվա օրերին:

 

Ինչպես նշում է պարբերականի հեղինակը, Վրաստանում ահաբեկիչները հարձակման են անցնելու Պանկիսի կիրճից, որտեղ գտնվում է նրանց բազան: Այս մասին պարբերականին հայտնել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախկին նախարար Դավիդ Սանակոևը: Նա ասել է, որ ահաբեկիչները եկել են այնտեղ Սիրիայի տարածքից:

 

Մինչդեռ Վրաստանի պետական անվտանգության ծառայության վերլուծական բաժնի ղեկավար Իրակլի Բերայան շտապեց հերքել այդ տեղեկատվությունը:

 

Սակայն, ինչպես գրում է իշխանամետ «Հարավային Օսիա» թերթը, իրականում, իրավիճակը տարբերվում է վրացի քաղաքական գործիչների նկարագրածից:

 

«Վրաստանում՝ Պանկիսի կիրճում գրոհայինների բազայի գոյության մասին վաղուց հայտնի է: Այդ մասին գրում են նույնիսկ վրացական լրատվամիջոցները: Մասնավորապես, դեկտեմբերի 15-ին Կախեթիի տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է գյուղի նախկին իմամ Այուֆ Բորչաշվիլիի և հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Իրակլի Չիմակաձեի զրույցի տեսագրության սղագրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Սղագրության մեջ Բորչաշվիլին նշել է, որ ԻՊ-ի ահաբեկիչ է, և նա եկել է Վրաստան «Իսլամական պետության» կողմնակիցներին հավաքագրելու և նրանց երդմնակալության համար: Նրա խոսքով՝ Վրաստան արդեն ժամանել է մի քանի տասնյակ ահաբեկիչ: Զինյալներն այնտեղ արդեն հավաքագրել են հարյուրավոր մարդկանց, հավաստիացրել է Բորչաշվիլին: