Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները՝ ստանալով տեղեկություններ այն մասին, որ ԻԼԻՊ խմբավորումն ահաբեկչություններ է նախապատրաստում Ուկրաինայում, կապ են հաստատել Ուկրաինայի Անվտանգության ծառայության հետ: Անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ աշխատակիցների կողմից ձեռբակալված մի քանի գրոհայիններ բացահայտել են իրենց համախոհների անունները, որոնք դիվերսիաներ են պատրաստում հարևան երկրում, փոխանցում է LifeNews-ը:

 

Ահաբեկիչների այդ ցուցակում կա 10 մարդ: Գրոհայինների թվում կա նաև մահապարտ ահաբեկչուհի՝ երեք ամյա երեխայի հետ, որն ահաբեկչական գործողությունն իրականացնելու ժամանակ պետք է օգտագործի երեխային թաքնվելու համար: Հանցագործների ճնշող մեծամասնությունը արաբական երկրների և Թուրքիայի քաղաքացիներ են:

 

Ռուսական հատուկ ծառայությունների տվյալներով՝ երեք ամյա աղջնակի հետ կինն արդեն ժամանել է Ուկրաինայի տարածք: Նա գտնվում է ինչ-որ բնակարանում, որտեղ էլ սպասում է իր «գործընկերների» ժամանելուն:

 

ԱԴԾ-ի տեղեկություններով՝ զինյալներին հանձնարարվել է ահաբեկչական հարձակումներ իրականացնել մարդաշատ վայրերում՝ պայթուցիկի և հրազենի կիրառմամբ: Հարձակման թիրախ է՝ Կիևը: